Նվագախումբն ու Ամիրյանն արձագանքել են Թոփչյանի նկատմամբ մեղադրանքներ պարունակող բաց նամակին
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենությունն արձագանքել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ուղղված բաց նամակին, որում «Դավիթ Հարությունյան» ստորագրած անձը նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին մեղադրում է աշխատանքային ինքնակենսագրությունը կեղծելու մեջ՝ վկայակոչելով իր էլեկտրոնային նամակագրությունն աշխարհի տարբեր նվագախմբերի հետ»,-այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Ֆիլհարմոնիկի տնօրենությունը նամակագրին հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին ուսումնասիրելու իրենց մոտ առկա փաստերն ու նյութերը. «Խնդրում ենք անպայման ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր վկայակոչած էլեկտրոնային նամակների բնօրինակներով»: Օրն ու ժամը թողնում ենք նամակագրի հայեցողությանը: Նման հանդիպումից և նյութերի ուսումնասիրությունից հետո Ֆիլհարմոնիկի տնօրենությունը նամակագրի հետ համատեղ ասուլիսի անհրաժեշտություն է տեսնում։
«Մեզ համար փոքր-ինչ զարմանալի է, որ չենք ճանաչում Ձեզ՝ որպես դասական երաժշտության այդքան ջերմեռանդ ջատագովի: Տարօրինակ է նաև, որ գոնե մեկ անգամ համերգասրահ այցելելուց և մեր նվագախմբի հերթական բարձրորակ կատարմանը ներկա գտնվելուց հետո (եթե այդպիսի դեպք գրանցվել է Ձեր կյանքում) կարող եք այդքան ժամանակ կորցնել՝ Թոփչյանի արտասահմանյան ելույթների ցանկն ուսումնասիրելու և նամակագրություն-բանսարկություն պատրաստելու վրա՝ չնկատելով ու չգնահատելով այն, ինչ ունենք այսօր և ինչին հասել ենք տարիների ընթացքում, գերազանցապես հենց մաեստրո Թոփչյանի գործուն ջանքերի ու աննկուն աշխատանքի շնորհիվ»,-հայտնում են Ֆիլհարմոնիկից:
Նախօրեին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նույնպես արձագանքել էր նամակագրին. «Արդարությունը հենց պահանջում է, որպեսզի ես մեկ անգամ ևս բարձրաձայնեմ, որ խիստ բարձր եմ գնահատում դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ստեղծագործական տաղանդն ու վաստակը։ Իսկ մնացածը համարում եմ սովետական տարիներին բնորոշ բանսարկություն»։
Նշենք, որ «Դավիթ Հարությունյան» ստորագրած անձի նամակն ուղղված ՀՀ մշակույթի նախարարին, տարածվել էր հունվարի 19-ին: