Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խոհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 27-ը։
Ձմեռային նստաշրջանի օրակարգում է ԵԽԽՎ նախագահի, փոխնախագահների ընտրությունը։ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, ևս 1 տարով կվերընտրվի ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտը, ով ներկայացնում է Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունը։ ԵԽԽՎ ներքին ընթացակարգերի և պայմանավորվածության համաձայն՝ ԵԽԽՎ նախագահությունը փոխանցվում է կուսակցություններին հերթականությամբ։ Նախագահն ընտրվում է 1 տարով, այնուհետ պաշտոնավարումը երկարացվում է ևս 1 տարով։
Յուրաքանչյուր տարվա առաջին օրը հաստատվում են նաև պատվիրակությունների կազմերը։ Այս տարի Ուկրաինայի պատվիրակության կազմից հեռացվել է Նադեժդա Սավչենկոն։ Սավչենկոյի՝ ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացմանը Գերագույն ռադայում կողմ էին քվեարկել 324 պատգամավորներից 237-ը, այն բանից հետո, երբ Սավչենկոն «Батькивщи́на» կուսակցությունից հեռանալու դիմում էր գրել։
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ կունենան Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհաննիսը, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։ Ելույթ կունենա ու ԵԽԽՎ պատվիրակների հարցերին կպատասխանի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսը, որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող, ելույթ կունենա ու ԵԽԽՎ-ին կներկայացնի ԵԽ նախարարների կոմիտեի աշխատանքը։
Օրակարգում ընդգրկված է «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու ԶԼՄ-ների ազատությունը Եվրոպայում» զեկույցի նախագծի քննարկումը, որի զեկուցողն է ուկրաինացի պատգամավոր Վոլոդիմիր Արիևը ։ Կլինեն նաև դեբատներ ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Ուկրաինայում, մարդասիրական ճգնաժամը Գազայում, իրավիճակը Լիբանանում և ռեգիոնալ կայունությանն ու Եվրոպական անվտանգության մարտահրավերները թեմաներով։
Առաջարկվել է նաև անցկացնել հրատապ քննարկում՝ Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին