Տուգանք ապագայից կամ Երևանի քաղաքապետարանի զավեշտը
Երևանի քաղաքացիներից մեկը օրերս էլեկտրոնային համակարգի միջոցով փորձել է ստուգել՝ ճանապարհային երթևեկության կանոնների ինչ խախտումներ է արել և արդյոք ունի՞ տուգանք, սակայն մի զավեշտալի տեսարանի է հանդիպել. հունվարի 21-ին տեղեկացել է, որ Երևանի քաղաքապետարանը իրավախախտում կատարելու փաստով հունվարի 23-ին կազմել է արձանագրություն և հարուցել վարչական վարույթ:
«Հունվարի 21-ին ստուգել է էլեկտրոնային համակարգով, տեսել է խախտում կատարել հունվարի 18-ին, նայել է որոշման օրինականությունը, տեսել է, որ վարչական վարույթի արձանագրությունը կազմվել է հունվարի 23-ին՝ այսինքն այսօր, ապագա ամսաթվով: Իսկ դա օրենքի խախտում է, քանի որ արձանագրություն կազմելիս պետք է գրվի արձանագրության կազմման օրը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը:
Մեր զրուցակցի խոսքով, ավտոկայանատեղիներում կայանելու համար խախտումների համար վարչական վարույթի մասին որոշումները կարծես մեխանիկորեն գրվեն ու դրանցից ոչ մեկը մանրամասն չի ուսումնասիրվում.
«Ինչ-որ սիստեմ է, դրած մարդկանց ավտոմատ տուգանում են, ով կբողոքի, կբողոքի, ով չի բողոքի, թող տանի մուծի: Չէ՞ որ շատ մարդիկ չեն ցանկանում քաշքշուքի մեջ ընկնել ու տանում վճարում են այդ 5000 դրամ տուգանքները»:
Մինչդեռ, մասնագետը նկատում է, որ կարմիր գծերի մասով վարչական վարույթ հարուցելու մասին որոշումների բողոքարկումների 80 տոկոս դեպքերում խախտման մասին որոշումները բեկանվում են: Հետևաբար, նա հորդորում է, որ մարդիկ անպայման բողոքարկեն խախտումների մասին որոշումները:
«Ոչ ապացույցներ են ներկայացնում խախտման մասին, ոչ էլ նորմալ ծառայություն մատուցում:
«Փարքինգ Սիթի սերվիսից» ծառայությունը վերցրեց քաղաքապետարանը ու հիմա էդ ոլորտն իր ձեռքին է, խոստացան որակյալ ծառայություններ կմատուցեն, բայց ոչինչ չի փոխվել: Բացի անորակ ծառայությունները, անորակ վարչարարություն է իրականացվում», -ասաց Քեյանը:
Ավելին, նրա խոսքով, ծառայությունների որակը վատթարացել է մարդիկ կան, որ վերջերս տուգանվել են ձնով ծածկված կարմիր գծի վրա կայանելիս՝ չիմանալով ու չտեսնելով, որ տվյալ վայրում կարմիր գծեր կան: