«Էներգետիկայի շաբաթ»-ի շրջանակներում կներկայացվեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային հնարավորությունները
Հունվարի 25-27-ը Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումը, որի շրջանակում տեղի կունենա արևային էներգետիկայի ներդրումային համաժողով:
Միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ոլորտի ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումներն ու հեռանկարային ծրագրերը:
Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարևորելով արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի անցկացումը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ համաժողովի նպատակն է քննարկել արևային կայանների կառուցման համար նեդրումների ներգրավման հնարավորությունները:
Ըստ նրա՝ կներկայացվի արևային էներգետիկ ոլորտին վերաբերող ներդրումային փաթեթը: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորությունները, ինչպես նաև այդ նպատակով պետության կողմից անցկացվող մրցույթի մանրամասները։ Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է։ Մրցույթի անցկացումը հնարավորություն կտա նվազագույն սակագնի առաջարկ ստանալ փորձառու կազմակերպությունների մասնակցության միջոցով։
ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանն էլ նշեց, որ «Էներգետիկայի շաբաթ»-ը ավանդական միջոցառում է, անցկացվում է երկու տարին մեկ անգամ և իր տեսակով հաշվետվություն է ենթադրում: «Ներկայացնելու ենք, թե ինչ առաջընթաց ենք ունեցել էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև վերհանելու ենք խնդիրները` համատեղ ջանքերով լուծում տալու համար: Մենք այս միջոցառումը կազմակերպում ենք, երբ ասելիք ունենք, իսկ այս անգամ ներկայացնելու շատ բան կա, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել»,- ընդգծեց Թամարա Բաբայանը:
Ըստ նրա՝ եթե 4 տարի առաջ դժվարությամբ էին միջոցառմանը մասնակից ընկերություն գտնում, ապա հիմա ցանկացողներն այնքան շատ են, որ տեղի սահմանափակ լինելու պատճառով, որոշներին մերժել են:
Նշվեց նաև, որ համաժողովին մասնակցելու են օտարերկրյա ներդրողներ, որոնք ներկայացնում են Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Իտաիան, Հոլանդիան, Շվեյցարիան, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրությունները և այլն։
Համաժողովին զուգահեռ գործելու է նաև ոլորտային ցուցահանդես (28 ընկերություն)՝ ծանոթացնելու ջերմամեկուսիչ նյութերի, լուսավորության և ջեռուցման էներգաարդյունավետ համակարգերին, արևային տեխնոլոգիաների նմուշներին և ծառայություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան