ԻԻՀ ԱԳՆ. Իրանը թույլ չի տա, որ միջուկային համաձայնության բանակցային փաթեթը կրկին բացվի
Իրանը թույլ չի տա, որ միջուկային համաձայնության բանակցային փաթեթը կրկին բացվի,-իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, այն հարցին, թե հնարավո՞ր է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում միջուկային համաձայնության բանակցային փաթեթը կրկին բացվի, մասնավորապես պատասխանել է. «Միջուկային համաձայնության հետ կապված բոլոր հարցերը ինչպես «5+1 խմբի», այնպես էլ Միացյալ Նահանգների հետ մեր երկկողմ շփումներում բոլոր հարցերը քննարկել ենք, և միջուկային համաձայնության բանակցային փաթեթը փակված է. այլևս բանակցելու անհրաժեշտություն չենք տեսնում»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օրերս գերմանական «Բիլդ» և բրիտանական «Թայմզ» պարբերականներին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված միջուկային գործարքին, մասնավորապես ասել էր. «Իմ կարծիքով այդ գործարքն ամենավատ համաձայնություններից մեկն է, որը մինչ այժմ ձեռք է բերվել, սակայն չեմ ցանկանում ասեմ, որ այդ համաձայնության հետ ինչ-որ բան եմ անելու»: