Իսրայելը հավանության է արժանացրել հարյուրավոր տների կառուցումը Արևելյան Երուսաղեմում
Իսրայելը հավանության է արժանացրել Արևելյան Երուսաղեմի երեք հրեական թաղամասում 566 տների և բնակարանների կառուցումը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ այդ նախագիծը քննարկվել է ավելի վաղ, սակայն հանվել էր Երուսաղեմի քաղաքապետարանի օրակարգից վարչապետ Նեթանյահուի խնդրանքով: Վերջինս դրանով ցանկանում էր խուսափել ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից հավելյալ քննադատությունից:
Շինարարության նախագիծը վերակենդանացնելու որոշումը կայացվել է Դոնալդ Թրամփի երդմնակալությունից երկու օր անց: Իսրայելի աջ կուսակցությունները հույս ունեն, որ ԱՄՆ նոր նախագահը ըմբռնումով կմոտենա պաղեստինյան գրավյալ տարածքներում բնակավայրերի կառուցմանը: Պաղեստինցիներն ուզում են, որ Երուսաղեմի արևելյան հատվածը դառնա իրենց ապագա մայրաքաղաք: Երուսաղեմի քաղաքապետարանը որոշել է հավելյալ շինարարություն սկսել Պիսգատ-Զեև, Ռամաթ-Շլոմո և Ռամոթ շրջաններում: Պաղեստինցիները սուր քննադատության են ենթարկել այդ որոշումը: