Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է
Հզոր դերասան, հազվագյուտ դերասան: Panorama.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանին, ում ծննդյան օրն է այսօր:
Միաժամանակ նա ասաց. «Կարպ Խաչվանքյանը ծննդյան երեք օր ունի, չենք կարողանում հասկանալ, թե երբ է նրա ծննդյան օրը: Նշվում է նաև դեկտեմբերի 30, հունվարի 29: Դժվարանում եմ ասել, թե ինչով է պայմանավորված, որ տարբեր օրերն են նշված, չենք խորանում: Սվետլաննա Գրիգորյանն էլ ծննդյան երկու օր ուներ»:
Շարունակելով իր խոսքը Կարպ Խաչվանքյանի մասին, Ե.Ղազանչյանն ասաց. «Բեմ էր մտնում ու դեռ խոսք չասած, ծափերը թնդում էին: Զարմանալի սիրված դերասան էր: Հետաքրքիրն այն է, որ կյանքում բոլորովին ուրիշ էր, բեմում ուրիշ: Կյանքում շատ տխուր, անհետաքրքիր, մռայլ, չխոսկան մարդ էր, իսկ բեմի վրա պայթում էր:
Դժվար է չէ մեր ժողովրդին, հանդիսատեսին ծիծաղեցնել: Հիմա չեն ծիծաղեցնում, խնդցնում են: Հիմա այդ հումորային երեկոներին ինչ-որ արվում է, ուրիշ բան է: Կարպը իրապես ծիծաղեցնում էր:
Իհարկե, մեր մեծերի շարքին պետք է դասել Կարպ Խաչվանքյանին:
Այսօրվա սերունդը նրանից պետք է սովորի պատասխանատվության լրջությունը, սերը դեպի թատրոնը: Թատրոնը զարմանալի երևույթ է, թատրոնը ուրիշ սիրուհի չի հանդուրժում, պետք է միայն իրեն սիրես: Դավաճանել թատրոնին չես կարող, կպատժի քեզ, եթե որևէ տեղ, որևէ առիթով փորձես նրան դավաճանել: Իսկ նրանք նվիրյալ մարդիկ էին, նրանց կյանքը թատրոնն էր, իրենց տունը թատրոնն է եղել»:
«Ես կյանքում այլ եմ, բեմի վրա բոլորովին ուրիշ: Ես սրամտությամբ չեմ փայլում և ինձ չեմ համարում սրամիտ մարդ, թեև բեմում խաղում եմ միայն նմաններին: Երբեք ոչ երգել եմ, ոչ պարել եմ, ոչ մի բանաստեղծություն չեմ արտասանել և ոչ էլ գիտեմ: Եթե ասեն՝ Կա՛րպ, սկզբից մինչև վերջ մի բանաստեղծություն ասա, թե չէ կգնդակահարենք, երդվում եմ՝ չգիտեմ ոչ մի հատ՝ ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն».- իր մասին ասել է դերասանը:
Ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքայնը ծնվել է 1923 թվականին Ախլցխայում: Վրաստանի «Վրացֆիլմ»› կինոդերասանի դպրոցն ավարտելուց հետո, 1944թ Կարպ Խաչվանքյանը հրավիրվել է Երևանի երաժշտական կոմեդիայի նորաստեղծ թատրոն և 54 տարի եղել նրա առաջատար դերասանը:
«Պատերազմի տարիներն էին, նոր էի ավարտել Թբիլիսիի կինոդերասանական դպրոց-ստուդիան: Հնարավորություն և հրավերներ ունեի տարբեր թատրոններում աշխատելու: Հենց այդ օրերին ինձ հրավիրեցին աշխատելու Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Ընկերներս՝ Սերգեյ Եվլախովը և հատկապես Լևոնը (հռչակավոր Լև Կուլիջանովը), ոգևորեցին և խորհուրդ տվեցին ընդունել հրավերը:
Եկա... Հենց առաջին իսկ ներկայացումները հաջողություն բերեցին: Երևանցինեը սիրեցին ինձ, ես էլ փոխադարձաբար՝ նրանց: Եվ ընդմիշտ մնացի Հայաստանում՝ իմ հայրենիքում»,- ասել է Կ.Խաչվանքյանը:
Առաջին դերը Բոնին էր` Կալմանի «Սիլվա» օպերետում (1944թ. նոյեմբերի 4), որը միանգամից հռչակել է նրան և իր վրա հրավիրել ժամանակի ամենախստապահանջ մասնագետների ուշադրությունը: Տաղանդավոր դերասանի մասին բարձր կարծիքներ են հայտնել Ավետիք Իսահակյանը, Վահրամ Փափազյանը, Հայկանուշ Դանիելյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Վարդան Աճեմյանը, Պարույր Սևակը, Գոհար Գասպարյանը, Համո Բեկնազարյանը, Առնո Բաբաջանյանը և ուրիշներ:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից կայքից տեղեկանում ենք, որ Կարպ Խաչվանքայնը խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք է ունեցել հայկական օպերետների և երաժշտական կոմեդիաների հանդեպ: Խաղացած 100-ից ավելի դերերից առանձնացնել է պետք հետևյալները` Բոնի («Սիլվա»), Ալդեմարո («Պարերի ուսուցիչը»), Տոնի («Կրկեսի իշխանուհին»), Պենիժեկ («Մարիցա»), Ստեֆան («Գնչուների բարոն»), Նապոլեոն («Բայադերա»), Հիգինս («Իմ չքնաղ լեդի»), Ֆիլիպ («Ազատաշունչ հողմը»), Իվան («Ծաղրածուի որդին»), Սուսիկ («Տրեմբիտա»), Սուրեն («Մեծ հարսանիք»), Գուրգեն («Աղբյուրի մոտ»), Ղարա («Կապկալ թամաշ»), Սոկրատ («Սեր աստղերի տակ»), սակայն Խաչվանքյանը կերտել է կերպարներ, որոնք ձեռք են բերել միջազգային ճանաչում` դա նախ և առաջ Տոնինոն և Ձանիետոն է («Վենետիկյան երկվորյակներ»), ապա Սոկրատը («Սեր աստղերի տակ»), Սկապենը («Սկապենի արարքները»), Թոդորոսը («Պահանջվում է ստախոս»), Դոն Կիխոտը («Լամանչեցի մարդը»), Կնյազը («Տաքսի, տաքսի»):
Կ.Խաչվանքյանը փայլուն երգում էր, պարում, նվագում էր տարբեր գործիքների վրա, նույն թատրոնում ստեղծել է 13 բեմադրություն, նկարահանվել է ‹‹Հայֆիլմ›› կինոստուդիայի նկարահանած 4 կինոնկարներում, տասնյակ դերեր է ստեղծել հեռուստատեսային ներկայացուներում, մասնակցել ռադիոբեմադրությունների:
Կ. Խաչվանքյանը մահացել 1998 թվականին Երևանում:
Լուսանկարները՝ տարբեր աղբյուրներից: