Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հրանտ Դինքի ու Գարո Փայլանի մասին
Այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ ունեցավ ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը։
Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Այս նստաշրջանի քննարկումների հիմնական թեման կարծես թե լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու բռնություններն են, և ես նույնպես կուզենայի արտահայտել իմ խորին մտահոգությունը նման երևույթների վերաբերյալ: Այն ծանր աշխատանքը, որ նրանք են կատարում միմիայն բարձր գնահատականի և հարգանքի է արժանի, չէ՞ որ հասարակական բազմակարծությունը և ժողովրդավարությունը երկրում ձևավորվում է հենց նրանց աշխատանքի շնորհիվ: Ազատ խոսքը և ազատ կամարտահայտման իրավունքը մի արժեք է, որով մենք պետք է հպարտանանք:
Այս տարի հունվարի 19-ին լրացավ անվանի հայ-թուրքական մտավորական Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 10 տարին: Նա սպանվել էր 2007 թվականին 17-ամյա մի թուրք ազգայնականի կողմից, գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, որտեղ Դինքը խոսում էր Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտման, ինչպես նաև իր հանդեպ հետապնդումների մասին:
Մարդասպանի դատավարությունը այդպես էլ չբացահայտեց, թե ինչն է ոգեշնչել այս պատանուն: Երկար տարիներ տևած այս հետաքննությունը մասնակիորեն նշեց, որ քաղաքական տարբեր զարգացումներ այնուհանդերձ ունեցել են իրենց ազդեցությունը, բայց և այդպես էլ չտվեց կոնկրետ պատասխաններ` ով և ինչու:
Մենք իհարկե հիշում ենք, որ Հրանտ Դինքը պարբերաբար պիտակավորվում և անգամ հետապնդվում էր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր կարծիքի համար:
Ցավոք, Թուրքիան այժմ էլ` Դինքի սպանությունից 10 տարի անց ճշմարտություն և արդարադատություն փնտրող մարդկանց ձայներ լռեցնելու նույնանման գործիքներն է օգտագործում: Այլապես ինչպես կարելի է գնահատել Թուրքիայի պատգամավոր հայազգի Կարո Պալյանին ձայնի իրավունքից զրկելը` միմիայն այն պատճառով, որ նա հայտնի պատմական զանգվածային սպանությունները անվանել է Ցեղասպանություն: Մեզ են հասել անգամ տեղեկություններ, որ որոշ քաղաքական կուսակցություններ ցանկանում են քրեական գործ հարուցել իր հրապարակային խոսքով ատելություն սերմանելու համար:
Ես խորապես համոզված եմ, որ լրագրողների, հասարակական գործիչների, մտավորականների հանդեպ հետապնդումների, բռնությունների, անգամ սպանությունների խնդրի լուծումից հրաժարվելը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ինչն իր հերթին հանգեցնում է անհանդուրժողականության անկառավարելի տարածմանը:
Այսօր մենք մերժեցինք Թուրքիայի խնդրի հրատապ քննարկումը: Հավատացեք, մենք պարարտ հող ստեղծեցինք նորանոր բռնությունների, նորանոր հարձակումների, նորանոր ձերբակալությունների և նորանոր հետապնդումների համար: Եվ տա Աստված, ես սխալվեմ: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը պարտավոր է պահպանել ստանձնած պարտականությունները, և իշխանական կարծիքից տարբերվող կարծիք ունեցող լրագրողների, պատգամավորների, ցանկացած այլ մարդկանց լռեցնելը բացարձակապես անընդունելի է»,-ասվում է պատգամավորի ելույթում։
Հարակից հրապարակումներ`
- Գարո Փայլանը անցել է Հրանտ Դինքի դպրոցը . Սաֆրաստյան
- Թուրքագետ. Չեմ կարծում, որ Գարո Փայլանին կձերբակալեն
- Ցեղասպանություն բառի համար Գարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել
- Գարո Փայլանը Սուրբ ծնունդը շնորհավորել է Թուրքիայի մեջլիսի ամբիոնից
- Փայլանը ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հարցապնդում է ներկայացրել մեջլիս
- Հրանտ Դինքն այսօր կդառնար 62 տարեկան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին