«Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողովը կղեկավարի Արսեն Քարամյանը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը եռամսյա ժամկետում մշակելու է և նախարարի հաստատմանն է ներկայացնելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման պայմանները: Հանձնաժողովը ղեկավարում է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
«Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման նախաձեռնության վերաբերյալ նախարարությունն անցած տարեվերջին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է մրցույթի անցկացման գործընթացներում ողջ հայությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին: Այս մրցույթի անցկացումը հնարավորության է տալու Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու տարվա լավագույն հայ մարզիկին:
«Կանոնակարգի մշակման նպատակով անցկացվելու են քննարկումներ՝ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների և մասնագետների հետ: Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս գաղափարի և այն իրագործելու համար համախմբել համայն մարզասեր հայությանը, ի մի բերել բոլոր կարծիքները»,- նշել է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Միևնույն ժամանակ նախարարությունը շարունակելու է մրցաշրջանի ընթացքում մարզական բարձր ցուցանիշների հասած հայ մարզիկներին խրախուսել՝ համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. նոյեմբերի 5-ի որոշման: