Ատոմակայանի հետ կապված խնդիր չկա. վստահեցնում է Հայկ Հարությունյանը
Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ կապված որևէ խնդիր չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 21-ին վթարային անջատման հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության աշխատանքին:
«Դա ատոմակայանի խնդիրը չէր, դա բարձրավոլտ էլեկտրակայանների ցանցերի գծերի վրա առաջացած սովորական խնդիր էր, որն առաջացել էր սառույցների կուտակումից: Այդ դեպքը ցույց տվեց, որ ատոմակայանի պաշտպանական համակարգերն անխափան աշխատում են: Կարճ ժամանակում խնդիրը վերացվել է, դրա արդյունքում համակարգային ոչ մի վթար չի եղել: Ուզում եմ կրկնել՝ դա ատոմակայանի հետ կապված չէր»,- ընդգծեց Հայկ Հարությունյանը:
Հայկ Հարությունյանն ընդգծեց, որ այս պահին ատոմակայանում որևէ խնդիր չկա. «Որևէ մեկը խնդիրը չի զգացել, քանի որ համակարգը նորմալ աշխատում է, տեխնիկական ապահովվածությունը բարձր մակարդակի վրա է»:
Նշենք, որ բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է ատոմակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը: Արդյունքում 110 կՎ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ-ի 110 կՎ-ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը: Ժամը 16.05-ին բլոկ-գեներատոր-տրանսֆորմատոր դիֆերենցիալ պաշտպանությամբ անջատվել է նաև Տ-3 բլոկային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով ատոմակայանը մասամբ բեռնաթափվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին