Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի վերաբերյալ տրվել են խիստ հանձնարարականներ
Բազմաթիվ քաղաքացիների փորձաքննության իրավունքի իրացումն ապահովելու և այս ընթացքում կուտակումները նվազեցնելու համար, որոշակի ճշգրտված ձևաչափով, հունվարի 23-ից մարտի 20-ը կիրականացվի քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննություն: Այս մասին նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ այսօր Բժշկասոցիալական փորձաքննության համար պատասխանատու՝ նախարարության, գործակալության կենտրոնական ապարատի և տարածքային բաժինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Անցումային փուլում 27 տարածքայիններից կձևավորվեն 18-ը` վերանայելով սպասարկման տարածքները, մասնագիտական կազմը, փորձաքննությունների ժամանակացույցը: Յուրաքանչյուր հանձնաժողովի գործունեության համար վերադաս մարմնից կնշանակվեն պատասխանատուներ, ովքեր հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի հետ միասին անձնական պատասխանատվություն կկրեն յուրաքանչյուր կայացված որոշման համար»,- հայտնել է նախարարը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով փորձաքննության ընթացքին, նախարարը տարածքային բաժինների ներկայացուցիչներին կոչ է արել խստորեն կիրառել սահմանված չափորոշիչները և քաղաքացիներին հանգամանալից բացատրել ընդունված որոշման օբյեկտիվ հիմքերը՝ միաժամանակ ապահովելով քաղաքացու կարգավիճակին համապատասխան ծառայությունների տրամադրումը:
«Մենք անցում ենք կատարում հաշմանդամության սոցիալական մոդելին, որտեղ բացառվում է հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձին «ամեն ինչ», իսկ համապատասխան կարգավիճակ չունեցողին՝ «ոչինչ» սկզբունքը: Յուրաքանչյուր քաղաքացի, իր կարիքին համապատասխան, ստանալու է ծառայությունների փաթեթ, որն էլ հանդիսանալու է կոռուպցիոն դրսևորումները հնարավորինս բացառելուն ուղղված հիմնական քայլերից մեկը»,- ասել է նախարարը՝ միաժամանակ կարևորելով, որ հաշմանդամության սահմանման ողջ գործընթացում հստակ պետք է տարանջատվի «հաշմանդամություն ունենալն» ու «հիվանդ լինելը»:
Հանդիպման ընթացքում ոլորտը համակարգող նախարարի տեղակալին և մյուս պատասխանատուներին տրվել է խիստ հանձնարարական՝ գործընթացը վերցնել ամենօրյա հսկողության տակ և շաբաթը մեկ անգամ զեկուցել աշխատանքների ընթացքի, խնդիրների և դրանց լուծման արդյունքների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Բժշկասոցիալական փորձաքննության համար դիմումներն ընդունվում են
- Բժշկասոցիալական մոդելից անցում սոցիալականի
- Շիրակի մարզում բժշկասոցիալական փորձաքննության նոր հանձնաժողով կստեղծվի
- Ինչպե՞ս կարող է քաղաքացին դիմել բժշկասոցիալական փորձաքննության
- Խորհրդակցություն` նվիրված բժշկասոցիալական փորձաքննությունների կենտրոնի կողմից հաշմանդամության խմբերի սահմանման գործընթացին
- Ընդունվել է չորս որոշում՝ ուղղված բժշկասոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը
- Աշխատանքից ազատվել է հաշմանդամության կարգ սահմանող բժշկասոցիալական փորձաքննության պետը