ԵԽԽՎ-ում կոռուպցիան ու Լուկա Վոլոնտեի հետ կապված սկանդալը ԵԺԿ թեժ քննարկման առարկա
Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության հանդիպման քննարկման թեժ թեմա էր դարձել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի ու մասնավորապես Լուկա Վոլոնտեի հետ կապված կոռուցիոն սկանդալը, ով մեղադրվում է Ադրբեջանի կառավարությունից 2մլն 390 հազար եվրո կաշառք է ստանալու մեջ։
Ինչպես Panorama.am-ին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության, ԵԺԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը, քննարկումը տևել է մոտ 2 ժամ։ Անդրադարձ է կատարվել մասնավորապես իտալական Rai հեռուստաընկերության պատրաստած հետաքննական հաղորդումը Վոլոնտեի վերաբերյալ։
«Ես իմ ելույթում ասացի, որ մենք ոչ թե պետք է խոսենք անմեղության կանխավարկածի, այլ այն քաղաքական վնասների մասին, որ ունեցել է ԵԺԿ-ն՝ որպես քաղաքական ընտանիք, որին պատկանում էր Լուկա Վոլոնտեն, ով լոբբիստական գործունեություն է կատարել Ադրբեջանի օգտին։ Իմ ուղերձը կոմիտեում այն էր, որ անհրաժեշտ է նախ քաղաքական ուղերձ հղել ողջ Եվրոպայի բնակչությանը, որ մենք դատապարտում ենք քաղաքական կոռուպցիայի ցանկացած երևույթ։ Պահանջել եմ, որ մենք՝ որպես ԵԺԿ ամենամեծ խմբակցություն, քայլեր ձեռնարկենք՝ մեր մասնակցությունն ունենալու այդ գործի ամբողջական բացահայտմանը որպես քաղաքական մարմին»,-ասաց Սամվել Ֆարմանյանը։
Կոմիտեում որոշում ընդունվեց ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետ կապված հարցերը քննարկման առարկա դարձնել Կանոնակարգի, իմունիտետների ու ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովում։
Քննարկման արդյունքնում, ինչպես ասաց Ֆարմանյանը, ԵԽԽՎ-ն, հավանաբար, կնշանակի հատուկ զեկուցող, հետաքննիչ, ով պարտադիր չէ, որ լինի ԵԽԽՎ անդամ, ով կարճ ժամկետում կիրականացնի չեզոք քննություն ու կզեկուցի ԵԽԽՎ-ին։ Խմբակցության հաջորդ նիստում, որը լինելու է չորեքշաբթի օրը, վերջնական որոշ կկայացվի։
«Բնականաբար, Լուկա Վոլոնտեի դեպքը նպաստում է, որ ԵԽԽՎ-ում բոլոր այն մարդիկ, ովքեր ադրբեջանական լոբբիստական կառույցների մեջ են՝ բացահայտվեն, քանի որ կա տեղեկություն, որ Վոլոնտեն համաձայնել է համագործակցել հետաքննության հետ, ինչն էլ նշանակում է, որ նոր անուններ կբացահայտվեն»,-ասաց Սամվել Ֆարմանյանը։
Հայտնի է, որ ադրբեջանական 50-ից ավել կազմակերպություններ հատուկ նամակով դիմել են ԵԽԽՎ ղեկավարությանն ու գլխավոր քարտուղարին նույն դեպքի հետ կապված, հրապարակվեց նաև Խավիարային դիվանագիտության վերաբերյալ նոր զեկույցը։ Կոռուպցիայի հետ կապված հրապարակումներ կան արդեն նաև սերբական մամուլում Սարսանգի ճրամբարի հարցով զեկուցող Միլիցա Մարկովիչի հետ կապված, էր, ինչը դարձել է ներքաղաքական թեժ քննարկման թեմա։
«Մենք մոտենում ենք մի սահմանագծի, որ առավել ընդգծված է դառնում հարցը, որ չի կարելի Ադրբեջանին թույլ տալ նավթադոլարների ներարկմամբ ձեռքի թաշկինակ դարձնել ժողովրդավարության այս տունը ու մանիպուլյացիայի ենթարկել մի ամբողջ քաղաքական ընտանիքի, որը Եվրոպայում ներկայացվածությամբ ամենամեծն է»,-ասաց Սամվել Ֆարմանյանը։
Նշենք, որ խմբակցության անդամների մեծամասնությունը քննադատական ելույթներով հանդես եկան ու դատապարտեցին ԵԽԽՎ անդամների հետ կապված կոռուպցիոն տեղեկությունները՝ բարձրացնելով նաև անմեղության կանխավարկածի թեզը։ Պատգամավորները միակարծիք էին, որ այս խնդիրները պետք է ուսումնասիրվի անկախ մարմնի կողմից ու ներկայացվի ԵԽԽՎ-ին։