Մեկնարկել է Վեդու ջրամբարի շինարարությունը
«Վեդու ջրամբարի շինարարությունը շատ կարևոր նախաձեռնություն է. սա նորանկախ Հայաստանի Հանրապետութան պատմության մեջ կառուցվող առաջին ջրամբարն է»,- այս մասին այսօր՝ Վեդու ջրամբարի շինաշխատանքների մեկնարկն ազդարարող միջոցառման ընթացքում ասել է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն այսօր ու կտևեն 48 ամիս: Ջրամբարի ընդհանուր տարողությունը 29 մլն խմ է, դրա իշխման տակ կլինի 3200 հա ոռոգելի հողատարածք:
Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում «Վեդի» և «Արարատ» ՋՕԸ-ների պոմպակայանների իշխման տակ գտնվող շուրջ 2900 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս համակարգով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խնայել շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ ոռոգելի հողատարածքները կավելանան ավելի քան 300 հա-ով:
Ոռոգման ցանցի վերակառուցման և ցանցի արդիականացման արդյունքում կկրճատվեն ոռոգման ջրի կորուստները, ինչպես նաև՝ շահագործման ու պահպանման ծախսերը: Համակարգի կորուստները ներկայումս գնահատվում են 40-50 % սահմանում: Ծրագրի իրականացման արդյունքում ցանցի կորուստները կկրճատվեն մինչև 15-20 %:
Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18մլն/մ³-ով, իսկ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը՝ ավելի քան 11 մլն. մ³ , որը միանշանակ կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող «Վեդի» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող ևս 2800 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը: Այդպիսով, ծրագրի ազդեցությունը կտարածվի շուրջ 6000 հա հողատարածքների վրա:
Նշենք, որ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` 90 մլն Եվրո ընդհանուր արժողությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան