Հայ մարզիկների առողջության դժվարամատչելի հետազոտությունները կիրականացվի Հայաստանում
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կապահովի մարզիկների առողջության դժվարամատչելի հետազոտությունների իրականացումը Հայաստանում, որի նպատակով ՀՀ պետական բյուջեով հատկացվել 13.470.000 ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նշենք, որ կենտրոնում տարեկան երկու անգամ կատարվում է Հայաստանի հավաքական թիմերի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մարզադպրոցների սաների խորացված բժշկական զննություն, հաշվարկվում են մարզիկների ծանրաբեռնվածությունը և շտկվում շեղումները:
Մարզիկների ֆիզիկական, ֆիզիոլոգիական ֆունկցիոնալ վիճակի ապահովման նպատակով կենտրոնի մասնագետները հաշվարկում և ապահովում են անհրաժեշտ դեղորայքի, վիտամինների և կենսակտիվ հավելումների քանակը։ Մարզիկների համար պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ՝ նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում առողջության պահպանման, արգելված նյութերի և մեթոդների կիրառման վնասակար ազդեցությունների վերաբերյալ։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը տարածաշրջանում միակն է, որը ստացել է որակի ղեկավարման ISO-9001։2008 միջազգային ստանդարտ։