ՌԴ-ում վթարից տուժած ՀՀ քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության
Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցում ժամը 16.20-ի դրությամբ բուժվում է ՀՀ 5 քաղաքացի։ ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, նրանցից մեկը դուրս գրվելուց հետո գանգատներով կրկին վերադարձել է հիվանդանոց։
Այս պահի դրությամբ մասնագետները 5 տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։
Իրականացված հետազոտությունների և իրավիճակի փոփոխության արդյունքում կորոշվի տուժածներից 2-ին վիրահատելու հարցը։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ: «Mercedes-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով (պատկանում է ՀՀ քաղաքացի՝ 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին) միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 7 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց. տուժածների տվյալները ճշտվում են: