«Լավագույն մարզիկի» կոչմանն արժանացել է Զավեն Իգիթյանը
Երևանում ավարտվել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են 85 մարզիկ`Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Վանաձորի թիմերից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Համեմատության համար նշենք, որ 2011 թ. նույն մրցմանը մասնակցել է 60 մարզիկ: Մարզիկների արդյունքներն անհամեմեատ բարձրացել են, ինչն անխոս ֆեդերացիայի նախագահի և ղեկավար կազմի սրտացավ վերաբերմունքի արդյունքն է: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից ձևավորվել է նոր ավանդույթ` հանրապետական խոշոր մրցաշարերում բարձր արդյունք ցույց տված մարզիկն արժանանում է արժեքավոր նվերի կամ խոշոր դրամական պարգևի` անձամբ իր կողմից:
Հայաստանի առաջնության «Լավագույն մարզիկի» կոչմանն ու դրամական պարգևին արժանացել է Զավեն Իգիթյանը, ով օդամղիչ ատրճանակ ձևում խոցել էր 577 միավոր: Նախորդ 2 մրցաշարերում լավագույնն էին ճանաչվել Հայկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը: Գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնութան հաղթող մարզիկներն ու անձնական մարզիչներն արժանացել են դիպլոմի, մեդալի և դրամական պարգևի: