«Կամրջելով պատմությունները» ցուցահանդեսը միավորել է հայ և թուրք լուսանկարիչներին
Երևանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, բացվեց «Կամրջելով պատմությունները» ցուցահանդեսը, որտեղ ներառված են 5-ամսյա համատեղ նախագծի շրջանակում հայ և թուրք լուսանկարիչների կողմից արված լուսանկարներ: Ցուցահանդեսում ընդգրկված է 24 հայ և թուրք ֆոտոլրագրողների 72 աշխատանք, ովքեր հինգ ամսվա ընթացքում լուսանկարել են դրվագներ, որոնք ներկայացնում են իրենց կյանքն ու առօրյան՝ շեշտադրելով առկա նմանությունները:
ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո ընթացող #BridgingStories կամ «Կամրջելով պատմությունները» ծրագիրը վարել և համակարգել են Անուշ Բաբաջանյանը և Սերա Ակջանը, իսկ ուսուցումների հարցում ներդրում է ունեցել National Geographic-ի հայտնի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը:
#BridgingStories-ի մասնակիցներն իրենց լուսանկարներից շատերը զետեղում են ինստագրամում՝ այդ կերպ ուշադրության արժանանալով ամբողջ աշխարհով մեկ: #BridgingStories ծրագրի 24 մասնակցից 12-ը Հայաստանից են, 12-ը Թուրքիայից, ընտրվել են մրցույթային հիմունքներով անցյալ տարվա ամռանը, ապա մասնակցել ֆոտոլրագրության դասընթացի, որը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսին Դիլիջանում:
Ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասաց, որ կարևորվում է այս ցուցահանդեսը նրանով, որը ցույց է տալիս, թե ինչքան ընդհանրություններ կան հայ և թուրք ժողովուրդների միջև:
«Այդ ընկալումը, ըմբռնումը կարող է հանգեցնել հաշտեցման»,- ասաց նա:
National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը պատմեց, որ երկու տարի առաջ մի նախագծի շրջանակում եղել է Հայաստանի և Թուրքիայի սահմանի երկու կողմում. «Նստած էի Անիի կամուջին՝ քարի հետևում պատսպարված, չեմ հիշում իմ կյանքում որևէ նման մի պահ, որ այդքան տխուր եմ եղել: Կարճ հաղորդագրություն ուղարկեցի Անուշին այն մասին, որ պետք է մի ծրագիր իրականացվի: Հավատացած եմ, որ մենք՝ որպես մոլորակի բնակիչներ, կարող ենք միասին արարել, քարը դնել քարին, ձևավորել կամուրջներ»:
Ծրագրի մասնակիցներից Ռուզաննա Շահնազարյանն ասաց, որ իր լուսանկարչական պատմություններում հիմնականում ներկայացնում է առևտրականների կյանքը, քանի որ նրանք ոչ միայն առևտուր են անում, այլ իրենց մեջ ներառում են կյանքի փորձ, մարդկային հարաբերություններ, ընտանեկան վիճակ:
«Պարոն դեսպանն ասաց, որ իմ մի քանի նկար ներկայացված են New York Times-ում: Շատ ուրախացա»,- ասաց Ռուզաննան:
Խոսելով թուրք լուսանկարիչների հետ համագործակցության մասին, նա ասաց, որ նրանք իր լավ ընկերներ են. «Հանդիպումների ժամանակ հասկացա, որ իրենք էլ են հոգնել այս վիճակից: Իրենք ընդունում են ամեն ինչ, պատմության ընթացքում տեղի ունեցած քաղաքական դեպքերը: Հայերի դեմ տրամադրված չեն»:
Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանող Էգե Բատուհան Աքըգյուլն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացրել է թուրքական հարսանեկան մի ավանդույթ ներկայացնող լուսանկար. «Հեննան հարսանեական հին ավանդական ծես է, խորհրդանշում է զոհաբերություն: Մատաղի նման բան է: Մեզ մոտ հարսանիքից մեկ օր առաջ հեննայի երեկո է արվում, հարսին ներկում են հննայով, ինչը խորհրդանշում է հարսին՝ ամուսնուն մատաղ անելու երևույթը: Սովորաբար տղամարդիկ իրավունք չունեն ներկա լինել այդ արարողությանը, բայց իմ բարեկամն էր և ինձ թույլ տվեցին ներկա լինել և լուսանկարել: Այս նկարով ուզում եմ ցույց տալ թուրքական ավադույթները, որպեսզի համեմատեք ձեր ավանդույթների հետ»:
Խոսելով ծրագրի մասին, թուրք լուսանկարիչն ասաց, որ այն հնարավորություն է տալիս երկու ժողովրդի ներկայացուցիչների միջև կապ ստեղծել:
«Կարծում եմ, եթե մեկս մյուսին ավելի լավ ճանաչենք, ավելի հեշտ կկարողանանք կամուրջներ կառուցել և սահմանը գնալով ավելի կնեղանա մեր միջև»,- նշեց նա: