Բելառուսցի իրավապաշտպան․ Անընդունելի է բլոգերների հետապնդումը
«Անընդունելի եմ համարում բլոգերների հետապնդումը՝ լինի նա հայ, ադրբեջանցի, թե վրացի։ Որքան ես տեղյակ եմ, Ալեքսանդր Լապշինը չի գրել որևէ բան, որը կարող էր սպառնալ ազգային անվտանգությանը։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն արդեն իսկ հանդես է եկել Լապշինի վերաբերյալ հայտարարությամբ ու պահանջել նրա անհապաղ ազատ արձակումը։ Եվ ես, իհարկե, որպես իրավապաշտպան, չեմ կարող պաշտպանել այն իշխանությունների գործողություները, որոնք մարդուն արտահանձնում են մի երկիր, որը պատրաստ է նրան հետապնդել։ Լապշինն իր գործողություններով որևէ վտանգ չէր ներկայացնում ո՛չ հասարակական, ո՛չ ազգային անվտանգությանը։ Եվ սա սխալ որոշում է»,- Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցին ասաց Բեռալուսի «Viasna» մարդու իրավունքների կենտրոնի իրավապաշտպան Վալյացին Ստեֆանովիչը՝ պատասխանելով Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հետ կապված հարցին։
Հարցին, թե ինչպես է այս միջադեպն ազդում մամուլի ազատության վրա, իրավապաշտպանն ասաց, որ սա վատ օրինակ է, քանի որ պետությունները կարող են պահանջել բլոգերների արտահանձնում տարբեր պատճառներով, ինչը լավ չէ։
Վալյանցին Ստեֆանովիչն ասաց, որ Բելառուսի իշխանությունները, անգամ արտահանձնման որոշման դեպքում, պետք է մարդուն արտահանձնեն այն երկիր, որտեղ նա անվտանգ կլինի, այլ ոչ թե երկիր, որը հայտարարում է անձին հետապնդելու մասին՝ միայն այն պատճառով, որ նա այցելել է վիճելի տարածք։
«Բլոգերները, լրագրողները պետք է կարողանան այցելել վիճելի տարածքներ, որոնք համարվում են «մութ» տարածքներ, որտեղ չի գործում միջազգային իրավունքի նորմեր։ Այս տարածքներ պետք է այցելեն ոչ միայն լրագրողները, այլ նաև մարդու իրավունքների առաքելություններն ու դիտարկեն, թե ինչ է կատարվում այս տարածքներում, որտեղ միջազգային նորմերով չեն պաշտպանվում մարդու իրավունքները։ Հետսովետական տարածքում սա իսկապես խնդիր է»,-ասաց իրավապաշտպանը՝ պատասխանելով վիճելի տարածքներ լրագրողների, բլոգերների այցելության ու լուսաբանելու հնարավորության հարցին։