Օֆշորային սկանդալի հետքերով և Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող քրեական գործը ՀՔԾ-ում կարճվել է
ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվանն առնչվող Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին տեղեկացնում են Միհրան Պողոսյանի գրասենյակից:
«Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումները և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այդ նյութերով հարուցված քրեական գործը անցած ավելի քան 8 ամիսների ընթացքում եղել է պատկան մարմինների, հասարակության լայն շրջանակների անաչառ ուշադրության կենտրոնում:
Քրեական վարույթի իրականացման ընթացքում աջակցություն ենք ցուցաբերել Հատուկ քննչական ծառայությանը, իսկ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ենք տվել հասարակությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների և Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական ‘‘LGT’’ բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին», - նշվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` «Հետք» պարբերականը այս ամսվա սկզբին հրապարակել էր մի հետաքննություն, որում փաստերով ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը: «Հետք»-ը գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում (Պանամայի փաստաթղթեր) հայտնաբերել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Ըստ այդ փաստաթղթերի, 39-ամյա պաշտոնյան բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերություննների։
Ապրիլի 18-ին Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։
«Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու», -ասել էր նա:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյանի «աճպարարությունը». «Փաստ»
- Միհրան Պողոսյանը պետական համակարգ վերադառնալու ակնկալիք ունի. «Ժողովուրդ»
- Օֆշորի գործի հետ կապված ՀՔԾ-ն հայտարարություն կանի. Միհրան Պողոսյան
- Միհրան Պողոսյանը մինչ օրս ո՛չ ՀՔԾ է հրավիրվել, ո՛չ էլ հարցաքննվել. «Ժողովուրդ»
- Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել
- Վախթանգ Միրումյանը՝ Միհրան Պողոսյանի շուրջ ծավալված օֆշորային խնդիրների մասին