Հովիկ Աբրահամյանի հեռանալը չի թուլացնում ՀՀԿի դիրքերը. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունում արտառոց ոչինչ չեն տեսնում Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքելու որոշման մեջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀԿ-ն ժողովրդավարական արժեքներ դավանող կուսակցություն է, և կուսակցության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի որոշել իր քաղաքական ապագան:
«Առաջին անգամը չէ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները, նաև նախկին պաշտոնյաներ, լքում են կուսակցությունը: Պարոն Աբրահամյանը նման որոշում է կայացրել, դա նրա իրավունքն է: Միջազգային պրակտիկայում էլ կան նման դեպքեր, երբ
հայտնի քաղաքական գործիչները լքում են իրենց կուսակցությունները, այնպես որ մենք այստեղ արտառոց որևէ բան չենք տեսնում: Քանի դեռ նա ամբողջությամբ չի ներկայացրել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել, ավել բան չեմ կարող ասել»,-ասել է Շարմազանովը:
Նա հավելել է, որ Հովիկ Աբրահամյանի հեռանալը չի թուլացնում կուսակցության դիրքերը` ընդգծելով, որ իրենք համախմբվում են ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի շուրջ և գնալու են նորանոր հաջողություններ արձանագրելու ճանապարհով:
«Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, լուսահոգի Աշոտ Նավասարդյանն ասում էր, որ Հանրապետական կուսակցություն մտնում են ոչ թե վերցնելու այլ տալու համար: Նա ասում էր, որ այս կուսակցություն մտնում են իրենց էներգիան, ժամանակը, քրտինքը տալու, այնպես որ մենք շարունակելու ենք վստահորեն առաջ շարժվել»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ասել է, որ իրենք չեն կարող ժխտել Հովիկ Աբրահամյանի մեծ դերակատարումը կուսակցության զարգացման գործում, բայց կյանքն առաջ է գնում, իսկ իրենք զբաղված են ներկուսակցական աշխատանքների կազմակերպմամբ, առաջիկա խորհրդի նիստի կազմակերպչական աշխատանքներով:
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջիկա ընտրություններին կգնա ավելի ուժեղացած: Մեր կուսակցությունը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար քաղաքական ուժը և դրանում բոլորը կհամոզվեն ապրիլի 2-ի երեկոյան»,-նշել է Շարմազանովը:
Նա նաև հայտնել է , որ զրուցել է Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն քաղաքական հարցեր չեն քննարկել:
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է ՀՀԿ-ն լքելու որոշման մասին: Նա հայտարարել է, որ կուսակցությունից դուրս գալու մասին կհայտարարի հունվարի 25-ին, սակայն կշարունակի մնալ քաղաքականության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աբրահամյանը հաստատում է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից. «Առավոտ»
- Հովիկ Աբրահամյանը դեռ դիմում չի գրել. Թադևոսյան
- Եթե հիմա Հովիկ Աբրահամյանն էլ գա, ես սիրով կասեմ՝ արի, միասին աշխատենք. Պարույր Հայրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան