Արցախում մեծ ուշադրություն է դարձվելու ոչ նյութական մշակույթի զարգացմանը. նախարար
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ոլորտում շարունակվելու են արցախյան բարբառի, ազգագրության և բանահյուսության ուսումնասիրության, պահպանման ու հանրահռչակման, ավանդական արհեստների և արվեստների զարգացման ծրագրերն ու միջոցառումները: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսին ասել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
«Ժամանակակից արվեստի ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են արվեստների բազմազանության խթանմանը, ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը, երիտասարդ ստեղծագործական ներուժի բացահայտմանը, գործունեության համար բարենպաստ դաշտի ստեղծմանը, նորարարական մտահղացումների խթանմանը, երիտասարդ ստեղծագործողներին միջազգային մշակութային գործընթացներին ինտեգրմանը, մշակութային ժամանակակից մեդիա և քարոզչական նյութերի պատրաստմանը: Ուշադրության կենտրոնում են լինելու ազգային երաժշտարվեստի, ազգային նվագարանների զարգացման ու խթանման գործը, ինչպես նաև՝ կատարողական արվեստի զարգացմանը նպաստող միջոցառումները:
Ուշադրության կենտրոնում են նաև դասական երաժշտարվեստի և պարարվեստի զարգացման ուղղությունները: Արցախում գործող թատրոնների գործունեության արդյունավետության բարձրացման, թատերարվեստի նոր ուղղությունների զարգացման, ստեղծագործական ներուժի լիարժեք օգտագործման միջոցառումներ ևս կիրականացվեն: Աշխատանքներ կտարվեն կինոարվեստի և անիմացիայի զարգացմանն օժանդակելու ուղղությամբ»,-ասել է Ն. Աղաբալյանը և ընդգծել, որ Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու մշակութային համագործակցության խորացման նպատակով Սփյուռքում գործող մշակութային միությունների և կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրեր կմշակվեն և կիրականացվեն տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: Աջակցություն կցուցաբերվի Սփյուռքում գործող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերի, նկարիչների ցուցահանդեսների կազմակերպումն Արցախում: