Բարձրագույն դատարանն արգելել է սկսել Բրեքսիթի գործընթացն առանց պառլամենտի համաձայնության
Մեծ Բրիտանիայի Բարձրագույն դատարանն այսօր՝ հունվարի 24-ին, արգելել է երկրի կառավարությանը սկսել Եվրոպական միությունից Միացյալ թագավորության դուրս գալու (Բրեքսիթ) գործընթացը՝ առանց պառլամենտի համաձայնության: Այս մասին տեղեկացնում է գերմանական «Deutsche Welle»-ն: Այս որոշմամբ Բարձրագույն դատարանը միաժամանակ մերժել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայցն՝ ընդդեմ Բրեքսիթի գործընթացում Պառլամենտի մասնակցության: Այս որոշմանը կողմ են քվեարկել Բարձրագույն դատարանի 8 անդամներ: 3 հոգի դեմ է արտահայտվել:
Միաժամանակ, ինչպես մեկնաբանել է Բարձրագույն դատարանում նախագահող դատավոր Դեյվիդ Նյուբերգերը՝ դատարանի որոշումը կասկածի տակ չի առնում Բրեքսիթի վերաբերյալ կայացած հանրաքվեի արդյունքները, այլ ընդամենը կանոնակարգում է գործընթացի իրավական կողմերը:
Բարձրագույն դատարանը միաժամանակ որոշում է ընդունել Բրեքսիթի գործընթացում շրջանների մասնակցության վերաբերյալ: Ըստ այդ որոշման՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի պառլամենտները ձայնի իրավունք չեն ունենալու ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու մասին հռչակագրի մշակման և ընդունման ընթացքում:
Բրիտանական կառավարությունը «հիասթափված է» Բարձրագույն դատարանի կայացրած որոշմամբ, սակայն կանի «անհրաժեշտ ամեն բան», որպեսզի որոշումն ի կատար ածվի: Այս մասին հայտարարել է Միացյալ թագավորության գլխավոր դատախազ Ջերեմի Ռայթը, ով դատարանում ներկայացնում էր կառավարության շահերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին