Արցախի նախագահ. Չնայած բարդություններին, 2016-ին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը
Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի անդրանիկ նիստը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, իր ելույթում Նախագահ Սահակյանն անդրադարձել է 2016 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին և խնդիրներին:
Նախագահի ընդգծել է, որ անցած տարին եղել է բավականին բարդ ու ծանր մեր հանրապետության, ժողովրդի և տնտեսության համար, երկրի տնտեսական բնականոն զարգացմանը մեծ հարված է հասցրել ապրիլյան քառօրյա պատերազմը, որն իր ազդեցությունն է թողել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա:
Նախագահ Սահակյանը նշել է, որ չնայած բոլոր բարդություններին, 2016 թվականին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը, դրական դինամիկան տնտեսության հիմնական ճյուղերում, գրանցել ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով տնտեսական աճ:
Միաժամանակ, Արցախի նախագահը կառավարությանը հանձնարարել է խոր վերլուծության ենթարկել տարվա արդյունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերի և բացթողումների վրա, որոնք տեղ են գտել աշխատանքում, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ:
Խոսելով 2017 թվականի անելիքների մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել տարվող աշխատանքների որակը, համակարգվածության աստիճանը, պարտականությունների կատարումը, արդյունավետորեն օգտագործել պետական միջոցները:
«Այն ամենը, ինչ նախանշվել է և ընդունվել համապատասխան օրենքներով ու կառավարության որոշումներով, անհրաժեշտ է իրականացնել անվերապահորեն և հետևողական կերպով»,- նշել է ԼՂՀ Նախագահը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: