Երևանում 24 թիմ մրցում է Բարսելոնում կայանալիք Mobile World Challenge-ին մասնակցելու համար
Ութ երկրից ժամանած 24 հաղթող թիմեր այսօր Երևանում մասնակցում են «Eurasia Mobile Challenge» մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլին:
«Eurasia Mobile Challenge» մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ պատասխանատվության «Make your Mark» առաջադիմական ծրագրի նախաձեռնություններից է: Երևանյան միջոցառմանը 24 հաղթող թիմեր (ամեն երկրից՝ Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուկրաինա, Ուզբեկստան, երեքական թիմ) ներայացնում են իրենց թվային գաղափարները՝ 11 հոգուց բաղկացած ժյուրիի անդամներին, որի կազմում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջազգային և տարածաշրջանային թվային ոլորտի ձեռներեցներ, ներդրողներ և ՎիմպելԿոմի բարձրաստիճան ղեկավարներ: Նրանք պետք է քննարկեն և ընտրեն երիտասարդ ձեռներեցների ներկայացված բիզնես գաղափարներից ամենահեռանկարայինը:
Լրագրողների հետ զրույցում «ՎիմպելԿոմ»-ի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկն ասաց, որ այս տարվա եզրափակչի մասնակիցներին ընտրել են մոտ 1000 թիմերի շարքից: Նա նշեց, որ մրցույթը երկրորդ տարին է անցկացվում և նկատվում է հետաքրքրության աճ: Մ. Գերչուկը հիշեցրեց, որ նախորդ տարի ներկայացվել էր ավելի քան 600 հայտ:
«Մրցույթը նախ անցկացում է երկրներում, այնուհետև տարածաշրջաններում: Տարածաշրջանային եզրափակչից հետո հաղթող երեք թիմերը Եվրասիան կներկայացնեն Բարսելոնում կայանալիք Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի Global Mobile Challenge եզրափակչում, որը տեղի կունենա փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը: Այնտեղ են հավաքվելու տարածաշրջանային հաղթող թիմերն ամբողջ աշխարհից»,- նշեց նա:
«ՎիմպելԿոմ»-ի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրենը համոզված է, որ երիտասարդ ձեռներեցների համար մրցույթին մասնակցելը կարևոր է երկու առումով՝ ցույց տալ իրենց գաղափարներն ու գնահատական ստանալ, հնարավորություն է շփվել հաջողակ ձեռներեցների, մասնագետների հետ:
Նա նշեց, որ ներկայացված գաղափարները շատ տարբեր են՝ ուղղված բիզնեսին, ինչպես տունը դարձնել ավելի հարմարավետ, խաղարկային, տեղեկատվական, էլեկտրոնային առևտուր:
«Անցած տարի հաղթեց Ղրղզստանի թիմը, ներկայացրել էր հենց էլեկտրոնային առևտրի գաղափարը: Առաջարկում էին ստեղծել marketplace, որտեղ տեղացի վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքն ողջ աշխարհին»,- ասաց Մ. Գերչուկը:
Նա նշեց, որ անցած տարվա հայկական թիմերից մեկի գաղափարը փորձարկում են Հայաստանում. «Տեխնիկական լուծում է առաջարկվում, որը թույլ է տալիս խաղալ օն-լայն խաղեր դանդաղ ինտերնետ կապի պարագայում: Այն շուտով հասանելի կլինի: Նախատեսում ենք այդ ծրագիրը կիրառել նաև այլ երկրներում»:
«ՎիմպելԿոմ»-ի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրենն իր խոսքում նաև ասաց, որ շատ ուրախ է, որ մրցույթն անցկացվում է Հայաստանում. «Հայաստանից նույնպես մեծ թվով հայտեր էին ստացվել: Հայաստանում շատ են երիտասարդ ակտիվ ձեռներեցները, նաև ձեր երկիրը կապեր ունի աշխարհի շատ երկրների հետ: Գտնվելով Հայաստանում՝ հույս ունեմ, որ հողը կօգնի հայկական թիմերին լինել հաղթող խմբերի մեջ»:
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ասաց, որ «ՎիմպելԿոմ»-ի, Beeline-ի ռազմավարությունն է՝ աջակցել այն ծրագրերը, որոնք օգնում են մարդկանց իրենց կյանքն ապագայում ավելի լավը դարձնել:
«Մեծ պատիվ է, որ եզրափակչի համար հենց Հայաստանն է ընտրվել, քանի որ այն, ինչ մենք անում ենք, դուր է գալիս մարդկանց, ղեկավարությանը, այլ երկրներին: Ես հավատում եմ, որ հայկական խմբերը կհաղթեն այս փուլում և կգնան Բարսելոն»,- հավելեց նա:
Անդրեյ Պյատախինի խոսքով, մրցույթի շրջանակում Հայաստան եկած բանախոսները, ովքեր ներկայացնում են, թե ինչ է տեղի ունենում աշխարհում այս ոլորտում, ինչպես ներդրողների ներգրավել, մեծապես նպաստելու է հայ երիտասարդ ձեռներեցներին նոր պրոդուկտ ստեղծելիս:
Նա չբացառեց, որ հայկական թիմերի կողմից ներկայացված սթարթ-ափերից որևէ մեկը կարող է հետաքրքրի իրենց ընկերությանը:
«Մեր աշխատակիցները ներկա են այս միջոցառմանը, որպեսզի հասկանան, թե ինչպիսի գաղափարներ կան, ինչ կարող ենք վերցնել: Բայց այս միջոցառման հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին ձեռք բերել փորձ լավ արտադրանք ստեղծելու համար և այդպես օգնելու ամբողջ երկրին»,- ասաց Ա.Պյատախինը: