Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանի դիրքերը լավ վիճակում չեն
Որքան երկրում աղքատության մակարդակը բարձր է, այնքան կոռուպցիայի ընկալումը վատ է և այդ երկրում կոռուպցիան լուրջ վտանգ է ներկայացնում: Կատարված ուսումնասիրության արդյունքում նման եզրահանգման են եկել Թրանսփարենսի ինթերնեյշընըլ հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետները:
Թրանսփարենսի ինթերնեյշընըլ հակակոռուպցիոն կազմակերպության հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ 2016 թվականին կոռուպցիոյի ընկալման համաթվի լավ արդյունքներ ունեն Դանիան և Նոր Զելանդիան, որտեղ այդ համաթիվը կազմել է 90 միավոր:
«Այս ցուցանիշը հերթական անգամ ապացուցում է, որ բացարձակապես չկոռումպացված երկիր այս աշխարհում չկա: Հուրախություն մեզ ասեմ, որ բացարձակապես կոռումպացված երկիր էլ չկա»,-հայտարարեց Հոկտանյանը:
Ականդինավյան ևս երկու երկիր՝ Շվեդիան ու Ֆինլանդիան ևս լավ արդյունքներ են գրանցել՝ համապատասխանաբար 88 և 89 միավոր:
Կոռուպցիայի ընկալման համաթվով ամենավատ վիճակում Սոմալին է՝ 10 միավոր, որտեղ տասը տարի արդեն նույն վիճակն է: Առավել կոռումպացված ընկալվող երկրների ցանկը շարունակում են Հյուսիսային Կորեան, Հարավային Սուդանը և Սիրիան:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Թրանսփարենսի ինթերնեյշընըլի տարածաշրջանային բաժանմամբ, Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա կամ Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, որում ընդգրկված է 19 երկիր: Հոկտանյանի փոխանցմամբ, այդ երկրները մոտավորապես նույն խնդիրներն ունեն կոռուպցիայի ընկալման առումով:
«Այս տարածաշրջանը առավել կոռումպացված ռեգիոններից է համարվում», -ասաց Հոկտանյանը:
Ներկայացնելով Հայաստանի վիճակը, Թրանսփարենսի ինթերնեյշընըլ հակակոռուպցիոն կազմակերպության հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը տեղեկացրեց, որ եթե նախորդ տարի կոռուպցիայի ընկալման համաթիվը 35 էր, ապա 2016-ին այն դարձել է 33:
«Սա նշանակում է, որ վիճակագրորեն իրավիճակի վատացում չի եղել, այսինքն՝ 2015-ի համեմատ 2016-ին նահանջ չի եղել: Բայց 2014-ի տվյալների համեմատ նահանջի միտում նկատվում է: Սա մտահոգիչ փաստ է և նշանակում է, որ մենք առայժմ գնում ենք ներքև», -բացատրեց Հոկտանյանը:
Բացի այդ, մյուս մտահոգիչ փաստը բանախոսը համարում է աղյուսակում Հայաստանի դիրքերի նահանջն է. եթե 2015-ին 95-98 տեղն էր կիսում, ապա այս անգամ Հայաստանը 113-115 տեղերը՝ Բոլիվիայի և Վիետնամի հետ միասին:
«Սա 18 տեղով նահանջ է ու նշանակում է, որ որոշ երկրներում իրավիճակը լավանում է, իսկ մեզ մոտ մնում է նույնը, լճացումը շարունակվում է: Սա ինձ շատ է մտահոգում, որովհետև սա ցույց է տալիս, որ մենք դոփում ենք նույն տեղում», -ասաց Վարուժան Հոկտանյանը:
Նրա պնդմամբ, միայն ռազմավարություն մշակելով, օրենքներ գրելով կոռուպցիայի դեմ պայքարի հարցը չի լուծվում. դրա համար քաղաքական կամք է անհրաժեշտ:
«Եթե չկա քաղաքական կամք, եթե չկա կառուցվածքային, ինստիտուցիոնալ լուրջ բարեփոխումների ցանկություն, նպատակ, միայն ռազմավարություն գրելով այս հարցը չի լուծվի», -նկատեց Հոկտանյանը:
Տարածաշրջանում, նրա փոխանցմամբ, լավագույն ցուցանիշները գրանցվել են Վրաստանում, «տպավորիչ աճ» է արձանագրվել Բելառուսում: Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը Հայաստանից հետ են մնում կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքներով:
Հարակից հրապարակումներ`
- Transparency International. Հայաստանը 113-րդն է «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում»
- Արփինե Հովհաննիսյանը եվրոպացիներին ներկայացրել է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված աշխատանքները
- Կբարձրանա Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հանրային հաշվետվողականությունը և գործունեության թափանցիկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին