Ռոնալդու. «Մեսսիի հետ մրցակիցներ ենք, որովհետև խաղում ենք տարբեր թիմերում»
Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին ամենևին չի անհանգստացնում այն փաստը, որ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ երկրպագուները սուլում են: Նա հասկանում է, որ միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր իրեն չեն սիրի: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Տրիբունաներից լսվող սուլոցներին դեմ չեմ: Յուրաքանչյուրին էլ կարող են չսիրել` տարբեր պատճառներով: Չեմ խաղում քննադատներիս ուրախացնելու համար, ես ուզում եմ երջանիկ տեսնել իմ երկրպագուներին, ովքեր հարգում են ինձ ու մշտապես աջակցում»,- ասել է Ռոնալդուն:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին խոսելիս պորտուգալացի ֆուտբոլիստը նշել է, որ նրան հարգում են թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարզիչ: Ռոնալդուն խոսել է նաև Լիոնել Մեսսիի հետ համեատության մասին:
«Չեմ սիրում համեմատությունները, սակայն դա ցանկացած աշխատանքի մի մասն է: Մեսսին լավագույնն է անում իր թիմի համար, ես` իմ: Մրցակիցներ ենք, որովհետև խաղում ենք տարբեր թիմերում, բայց մենք հարգում ենք միմյանց»,- ասել է Ռոնալդուն:
«Ռեալի» հարձակվողը նաև խոսել է կարիերայի ավարտի և իր ապագային մասին:
«Երբ նոր պայմանագիր էի ստորագրում, ասել էի, որ խաղալու եմ մինչև 41 տարեկան: Դա և կատակ էր, և լուրջ: Եթե ես ինձ ֆիզիկապես լավ զգամ, վնասվածքներ չունենամ, կխաղամ այնքան, որքան կարող եմ: Ինձ չեմ տեսնում մարզչի կարգավիճակում: Դա ինձ համար նախընտրելի տարբերակ չէ: Չգիտեմ, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում: Հիմա կենտրոնացած եմ իմ ներկայիս աշխատանքի վրա»,- շեշտել է Քրիշտիանուն: