Արթուր Ալեքսանյանը և ևս 5 հայ ըմբիշներ կմասնակցեն Փարիզի մրցաշարին
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի 6 անդամներ, այդ թվում` 2016 թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, հունվարի 27-29-ը կմասնակցեն Փարիզում անցկացվող միջազգային մրցաշարի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Փարիզյան ստուգատեսին Արթուր Ալեքսանյանից բացի Հայաստանի ընտրանին կներկայացնեն Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):
Ըստ մրցաշարի ժամանակացույցի, հունվարի 27-ին կկայանա 71, 75, 85, 98 կգ քաշային կարգերի ընբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Հաջորդ օրը` վերոհիշյալ 4 քաշային կարգերի նախնական և եզրափակիչ փուլերի գոտեմարտերը: Նույն օր տեղի կունենա նաև մյուս չորս՝ 59, 66, 80 և 130 կգ քաշային կարգերի ըմբշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Իսկ ստուգատեսի եզրափակիչ օրը` հունվարի 29-ին, մեդալներ կխաղարկվեն 59, 66, 80 և 130 կգ քաշային կարգերում: