Իրավապաշտպանները կոչ են անում ԵԽԽՎ-ում վերականգնել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցողին
Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների միասնական ցանկ պատրաստող աշխատանքային խմբի անդամները դիմել են Եվրոպայի խորհրդի ղեկավարներին` հորդորելով նրանց ուշադրություն դարձնել Ադրբեջանում քաղբանտարկյալների աճող խնդրին։
Նամակն ուղղված է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին, գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մյուժնիեկսին, ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերով կոմիտեին, քաղաքական ու ժողովրդավարության հարցերով կոմիտեին ու քաղաքական խմբերին, հայտնում է contact.az-ը։
Հեղինակները հիշեցնում են, որ ԵԽԽՎ-ում զեկուցող Քրիստոֆեր Շտրասերի պատրաստած Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցի տապալումից հետո անցել է 4 տարի, որից հետո Ադրբեջանում քաղաքական ազատությունների ու ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությունը կտրուկ վատացել է։ Տասնյակ մարդիկ ձերբակալվել են շինծու մեղադրանքներով, ենթարկվել են հետապնդման՝ հասարակական ու քաղաքական գործունեության համար։ Ներկա պահին Ադրբեջանում կա առնվազն 120 քաղբանտարկյալ։
Նշվում է, որ անտեսվում ու չեն կատարվում նաև ՄԻԵԴ վճիռները, որի օրինակն է Իլգար Մամադովի վճիռը։
Հեղինակները ողջունում են ԵԽԽՎ անդամների անկեղծ մտահոգությունը՝ կապված Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի հետ։ Սակայն առկա է առավել լայն ու կանոնավոր մոնիտորինգի անհրաժեշտություն։
Աշխատանքային խմբի անդամները ցավով նշում են, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի գնահատման համար նշանակված զեկուցող Ալան Դեստեկսը չի աշխատել ողջ մանդատով, հրաժարվել է համագործակցությունից ու ընդհանրապես չի ժամանել երկիր՝ իր մանդատի շրջանակներում։ Նշվում է, որ Դեստեկսը միայն ժամանաել է Բաքու 1 անգամ՝ Formula 1-ի բացմանն ու հանդիպել է միայն պաշտոնյաների հետ։
«Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև Ադրբեջանի պատվիրակության 2 անդամներից ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեի կողմից կաշառք ստանալու փաստերը՝ Շտրասերի զեկույցի տապալման համար, անհրաժեշտ ենք համարում կրկին ԵԽԽՎ մոնիտորինգի տակ վերցնել Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակը»,-ասվում է նամակում։
Մասնավորապես առաջարկվում է նշանակել քաղբանտարկյալների հարցով նոր զեկուցող՝ խնդրի մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության համար, ինչպես նաև փոխարինել Դեստեկսին այլ զեկուցողով։
Այս առաջարկության տակ ստորագրել են Ինթիգամ Ալիևը, Խադիջա Իսմայիլովան, Անար Մամեդլին, Ռովշան Գաջիևը, Խալիդ Բագիրովը և այլոք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան