Օդանավում մի հանդիպման մասին, որի արդյունքում կվերակառուցվի Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանը
Թեև «Հովհաննես Թումանյան-150» հոբելյանական տարին 2019 է, բայց հոբելյանական միջոցառումներին մեկնարկը տրված է: Որպես «Թումանյան-150» ծրագրի առաջին միջոցառում, այսօր մշակույթի նախարարությունում Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանում ենթակառուցվածքների շինարարության համար համագործակցության համաձայնագիր ստորագրեցին ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանը և Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը։ Ըստ համաձայնագրի, ՀՀ մշակույթի նախարարության մշակած նախագծով և բարերարի հատկացնելիք 8 միլիոն դրամով տուն-թանգարանում կկառուցվեն հուշանվերների կրպակ, սանհանգույց, փոքրիկ սրճարան։ Թանգարանի տարածքում հատված ծառերի բներով քանդակագործները կստեղծեն թումանյանական հետաքրքիր կերպարներ:
«Նախատեսում էինք ծրագիրն իրականացնել դեռ 2016-ին: Սակայն խանգարեց շատ ցուրտ ձմեռը: Բացի այդ մենք փորձում էինք գտնել աջակիցներ, ընկեր, կազմակերպություններ, ովքեր կօգնեին իրականացնելու այդ ծրագիրը»,- նախքան համաձայնագրի ստորագրումն ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նա նշեց, որ օդանավում հանդիպել է Աշոտ Տիգրանյանին, ում հետ շուրջ հինգ ժամ խոսել են Հայաստանի մշակութային կյանքից, իրադարձություններից, ծրագրերից:
«Հետաքրքիրն այն էր, որ մաեստրո Աշոտ Տիգրանյանը միանգամից արձագանքեց մեր ծրագրերին և խոստացավ օգնել Դսեղի թանգարանի ենթակառուցվածքները ստեղծելու հարցում: Օգնել՝ ողղակիորեն ֆինանսավորել»,- հավելեց նախարարը:
Նրա խոսքով, հենց բարենպաստ եղանակային պայմաններ լինեն, կսկսեն ծրագրի իրականացումը:
Աշոտ Տիգրանյանն ասաց, որ օդանավում հանդիպումը շատ հետաքրքիր էր, այդ ընթացքում նախարարը ծանոթացրել է այս նախագծին:
«Երեք տասնամյակ ԱՄՆ ապրելուց հետո՝ ես առաջին անգամ այցելեցի Հայաստան: Շատ հուզիչ էր, գեղեցիկ պահեր ապրեցի: Ծնվել եմ Երևանում՝ Մոսկովյան փողոցի վրա, Հովհաննես Թումանյանի թանգարանի դիմաց: Վերջերս եղել եմ Դսեղում և ինքս տեսել, որ անպայման պետք է նման ծրագիր իրականացվի: Իմ երազներից մեկը իրականացավ: Մեծ հաճույքով ու պարծանքով կկատարեմ իմ խոստումը»,- նշեց նա:
Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը խոսելով թանգարանի մասնաճյուղների մասին, ասաց, որ դրանք հայտնի են ոչ միայն իրենց բովանդակությամբ, այլ նաև անվերջանալի խնդիրներով, մասնավորապես ենթակառուցվածքների:
Ա.Ամիրյանը նշեց, որ Աշոտ Տիգրանյանը երաժիշտ է, ոչ շատ մեծ կարողությունների տեր մարդ, բայց սրտով և հոգով արձագանքեց. «Ես համոզված եմ, որ այս արձագանքը վարակիչ և տարածական է լինելու, տարածվելու է այլ հայրենակիցների մտքերում, որ, այո, կարելի է փոքրիկ ներդրումով ունենալ մեծ արդյունք»:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ «Թումանյան-150» ծրագրի շրջանակներում նախատեսել են տարբեր մրցույթներ, փառատոներ, հրատարակվելու են գրքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան