Կրտսեր սերժանտը կալանավորվել է՝ ժամկետային զինծառայողին վիրավորելու համար
Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քրեական գործերով վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Մասնավորապես՝ պարզվել է, որ կրտսեր սերժանտը դիրքի պատասխանատուին ամրակցված ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում կատարելու ժամանակ մոռանալով ինքնաձիգից անջատեl փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, քաշել է ինքնաձիգի փակաղակը, ինչի հետևանքով ինքնաձիգը լիցքաթափման փոխարեն լիցքավորվել է, ապա ստուգիչ կրակոց արձակելու նպատակով սեղմել է ինքնաձիգի ձգանը։
Արդյունքում՝ արձակված կրակոցի հետևանքով Գ. Սարգսյանին անզգուշությամբ պատճառվել է գլխի շրջանում հրազենային վիրավորում:
Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան