ՀՀ նախագահ. Առաջիկա տարիներին նախատեսում ենք զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի ծավալները
Երևանում այսօր մեկնարկած «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում կարևորելով էներգետիկայի բնագավառը՝ այն որակեց որպես ՀՀ տնտեսության կարևոր ճյուղ:
Նախագահը նշեց, որ երկարաժամկետ առումով կանաչ սկզբունքների վրա հիմնված տնտեսություններն ավելի հեռանկարային են և կայուն: Հենց այդ պատճառով, ըստ Նախագահի, այս բնագավառի զարգացման ռազմավարության համատեքստում հատկապես կարևորում են վերականգնվող էներգետիկայի զարգացումը՝ արևային, հողմային, երկրաջերմային և հիդրոէներգետիկայի ուղղություններով:
«Բազմաթիվ փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակներով վերջին շրջանում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ կիրառելով համաշխարհային լավագույն փորձը: Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 80%-ով նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիական արժեքը: Դրա շնորհիվ արդյունաբերական ծավալի արևային ֆոտովոլտային տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար մրցունակ սակագին, ինչն իր հերթին թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Այսպիսով, ըստ հանրապետության ղեկավարի, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար հնարավորություններ են ստեղծվում մասնակցելու Հայաստանում իրականացվող մրցույթներին և կառուցելու մեծ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ:
Սերժ Սարգսյանի խոսքերով՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինն ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում՝ կառուցելով արևային, հողմային և երկրաջերմային էլեկտրակայաններ:
«Այս համաժողովը շատ լավ հարթակ կարող է դառնալ քննարկելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումներն ու ներդրումային հնարավորությունները: Մաղթում եմ Ձեզ արգասաբեր աշխատանք և վստահ եմ, որ արդյունքները չեն հապաղելու»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան