Վստահ հաղթանակ` ստուգողական առաջին խաղում
Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմն առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում: Թիմը Ձորաղբյուրում հյուրընկալել է «Ալաշկերտին»: Ալաշկերտցիները հանդես են եկել խառը կազմով. երկրորդ թիմի ֆուտբոլիստներին միացել էին Բարձրագույն խմբում հանդես եկող խաղացողները, ինչպես նաև` փորձաշրջան անցնող մի քանի արտասահմանցի ֆուտբոլիստներ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Արարատը» հանդես է եկել երկու տարբեր կազմերով: Չնայած խաղի ընկերական բնույթին, թիմերը պայքարել են խաղադաշտի յուրաքանչյուր մետրի համար, իսկ պայքարն էլ կոշտ, որոշ դեպքերում նույնիսկ կոպիտ բնույթ է կրել:
Հանդիպման առաջին կեսի վերջնամասում խաղի հաշիվը բացել է արարատցի Կարեն Ավոյանը` 1:0: Երկրորդ 45 րոպեների ընթացքում Անդրեասյանի սայները կարողացել են ևս երեք անգամ գրավել մրցակցի դարպասը և 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնել տարվա առաջին ստուգողական խաղում: Դուբլ է ձևակերպել Սարգիս Մեթոյանը, ևս մեկ գոլ հեղինակել է Գարիկ Կիրակոսյանը:
Նախատեսված է, որ հունվարի 27-ին «Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Փյունիկի» հետ: