Արեգ Վաթյան. «Փորձում ենք հավաքագրել ամենաուժեղ կազմը»
2017 թ. հուլիսի 23-30-ը Անդորրայում տեղի կունենա բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը սկսել է նախապատրաստվել այդ ստուգատեսին: Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում պատմել է, թե ինչ աշխատանքներ են կատարվում:
«Նախապատրաստական աշխատանքները սկսել ենք նոյեմբեր ամսից, փորձաշրջան անցնող խաղացողներով համալրված հավաքականով միջազգային մրցաշարի ենք մասնակցել Բաթումի քաղաքում, այնուհետև երկու թիմից բաղկացած, Արցախի և Արաբկիրի երեխաներով, մեկնել ենք Վրաստան, որտեղ ունեցել ենք 9 ընկերական հանդիպում: Հաջորդը, արդեն հունվար ամսին, կարճատեև հավաք անցկացրինք Երևան քաղաքում, որի ընթացքում ունեցանք 3 հանդիպում: Փետվարին ամսին, տեղի կունենա նաև այդ տարիքի Հայաստանի առաջնությունը, այնուհետև կշարունակենք նախապատրաստական աշխատանքները:
Թիմի վերջնական կազմը դեռ չենք որոշել, Հայաստանի առաջնության ժամանակ ի հայտ կգան նոր երեխաներ, կան նաև արտերկրից հայ պատանիներ, որոնց հետ դեռ տարվում են բանակցություններ: Փորձում ենք հավաքագրել ամենաուժեղ կազմը: Այս տարվա բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցում է նաև Ադրբեջանը: Նրանք շատ լուրջ են տրամադրված: Նրանք ունեն խաղացողներ Ամերիկայից, Թուրքիայից, Վրաստանից և բավականին մեծ գումարներ են ներդնում: Մեզ հետ նույն ենթախմբում են հայտնվել Մալթան, Ջիբրալթարը, Ուելսը և Մոլդովան: Մեր խնդիրը ենթախմբից դուրս գալն ու առաջնությունում մեդալ նվաճելն է: Պետք է շատ լավ նախապատրատվել»,- ասել է Վաթյանը: