Երեք զինծառայող կմեկնի արտերկիր` բուժումը շարունակելու համար
Մինչ ապրիլյան պատերազմը վիրավորված երեք զինծառայող պետական միջոցներով այս տարի մեկնելու է արտերկիր` հետագա բուժումը շարունակելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ նախկին զինծառայողներից մեկի մոտ առկա է գանգի ոսկրային դեֆեկտ:
«Սարքավորումների բացակայության պատճառով չենք կարողանում զինծառայողի բուժումը Հայաստանում կազմակերպել: Դրա համար նրան կտեղափոխենք Գերմանիա: Նա մեկ անգամ արդեն եղել է այնտեղ»,- նշեց բուժվարչության պետը:
Նշենք, որ խոսքը Մհեր Արմենի Պետրոսյանի մասին է, որը ծանր վիրավորվել է 2013թ-ին զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս: Մարտական հենակետում նա ստացել է գլխուղեղի աջ ճակատ-գագաթային շրջանի հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում:
Մյուս զինծառայողը Աշոտ Գրիգորյանն է, որը նույնպես մարտական հերթապահություն իրականացնելիս ստացել է հրազենային վնասվածք: «Նրա արմնկային հոդը բացակայում է ու պրոթեզավորման անհրաժեշտություն կա: Նրան կպրոթեզավորեն Սանկտ Պետերբուրգում»,- ասաց Կամավոր Խաչատրյանը՝ հավելելով, որ ևս մեկ զինծառայող աչքի վիրահատության է ենթարկվելու կրկին Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ 2016թ-ի նոյեմբերի 24-ին գործադիրի նիստում ընդունված որոշման համաձայն՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի և Աշոտ Գրիգորյանի բուժումը Գերմանիայում և Ռուսաստանում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Երկու զինծառայողների բուժումը կկազմակերպվի արտերկրում
- Կառավարությունը ՊՆ-ին գումար կհատկացնի երկու զինվորների բուժումն արտերկրում իրականացնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին