Ես շարունակում եմ մնալ Ծառուկյանի ու նրա դաշինքի համակիր. Լյուդմիլա Սարգսյան
Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունում դեռ վաղ են համարում քաղաքական ապագայի մասին հարցերին պատասխանելը:
«Դեռ շուտ է ինչ-որ ապագայի մասին խոսել: Գործընթացներ են գնում, տեսնենք՝ ինչ կլինի, հետո նոր կխոսենք», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Դիտարկմանը, թե Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության մյուս թևը միացել է «Ծառուկյան» դաշինքին, Սարգսյանը արձագանքեց.
«Դա դեռ ոչինչ չի նշանակում: Դա ընդամենը մեկնաբանությունների մակարդակ է»:
Հարցին, թե ի՞նչ ձևաչափով է Սարգսյանը պատկերացնում մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինչպես նախկինում: Դաշինք կազմելու հավանականությունը տեսնում եմ»:
Հարցին, թե ո՞ր դաշինքին է հնարավոր համարում միավորվել, Վերակազմյալ ՍԴՀԿ-ի նախագահը պատասխանեց. «Ես ի սկզբանե համակիր եմ եղել Գագիկ Ծառուկյանին և նրա դաշինքին ու շարունակում եմ մնալ համակիր»:
Այդուհանդերձ, Ծառուկյանի հետ հանդիպման, շփումների ու քննարկումների մասին հարցին, Սարգսյանը չպատասխանեց, ասելով, թե չի պատրաստվում բացահայտել իրենց շփումներն ու հանդիպումները:
«Պրոցես է գնում, կտեսնենք՝ ինչ կլինի», -հավելեց ԱԺ պատգամավորը:
Նկատենք, որ Լյուդմիլա Սարգսյանը նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած դաշինքի անդամներից էր և Հայ Ազգային կոնգրեսի ցուցակով էլ մուտք գործեց Ազգային ժողով: