ԵԽ գլխավոր քարտուղարին նյութեր է ներկայացվել Չինարի գյուղի մոտ ադրբեջանական դիվերսիայի մասին
Ստրասբուրգում նախօրեին ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդը հանդիպման ընթացքում քննարկել են ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանական կողմի անմարդկային ոճրագործությունների, քաղաքացիական բնակչության ու զինվորների նկատմամբ ադրբեջանցիների վանդալիզմի հետաքննության և գնահատականի անհրաժեշտության հարցերը։
ԵԽԽՎ և ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ դրանց վերաբերյալ Հերմինե Նաղդալյանը, Հայաստանի այլ ներկայացուցիչներ, Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողներ Միլը և Գալատին տարբեր հանդիպումների ժամանակ լիարժեք և ամբողջական տեղեկատվություն են փոխանցել եվրոպացի պաշտոնյաներին, Մարդու իրավունքների հանձնակատար Մուժնիեկսին և գլխավոր քարտուղարին:
Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այս օրերին Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ու ներկայացրել լիարժեք և ամբողջական նյութեր, փաստեր ու փաստաթղթեր, նաև դեկտեմբերի վերջին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ ադրբեջանական դիվերսիայի մասին, որոնց պետք է օբյեկտիվ գնահատական տրվի:
«Մենք կարևորում ենք ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդի տեսակետը, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության առումով Եվրոպայում չպետք է լինեն «սև կետեր»՝ փակ տարածքներ, և մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան պետք է գործի Եվրոպայի ողջ տարածքում: Մենք կիսում ենք այս տեսակետը և համարում ենք, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է լինի Արցախում, որը հանձնառու է այդ չափանիշներին և որտեղ այդ չափանիշները լիովին գործում են, և պետք է իր դիրքորոշումները ավելի ակտիվ ներկայացնի: ԼՂ հակամարտությունը կոնֆլիկտի միակ գոտին է, որտեղ մարդու իրավունքների հանձնակատարն ու իր ներկայացուցիչները չեն եղել, մինչդեռ դա կարևոր հարց է թե ԼՂՀ-ում իրական վիճակի մասին պատկերացումը տեղում կազմելու, թե ԼՂՀ-ն կոնվենցիայի գործողության տարածքում ներգրավված տեսնելու առումով, հատկապես, որ Լեռնային Ղարաբաղը միակողմանի կարգով միացել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիային,- հանդիպման մասին ասել է Հերմինե Նաղդալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին