Շատ քաղաքական ուժեր կխուսափեն, որ Հ. Աբրահամյանն ուղղակիորեն ասոցացվի իրենց հետ. Քաղտեխնոլոգ
«Այն փոփոխությունները, որոնք հիմա կատարվում են քաղաքական դաշտում, իրավիճակը փոխում են: Բայց, կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, իրավիճակի փոփոխություն սկսվեց այն պահից, երբ որոշում ընդունվեց իշխանության ներսում վերադասավորումների պրոցես սկսել: Այդ ամենը փաստացի սկսվեց Կարեն Կարապետյանի մուտքով իշխանություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով քաղաքական դաշտում տեղի ունեցող դասավորումների մասին:
Նրա խոսքով, Կ. Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ, մասնավորապես ՀՀԿ, ազդանշան էր, որ որոշակի նոր քաղաքական թիմ է սկսվում ձևավորվել նաև իշխանության ներսում:
«Ես կարծում եմ, որ այս նախընտրական շրջանում շատ ավելի հետաքրքիր են այն վերադասավորումները, որոնք ընթանում են իշխանության ներսում, քան մնացած քաղաքական դաշտում: Թեպետ, բնականաբար, այդ ամենը նույնպես հետաքրքիր է՝ հաշվի առնելով, որ շատ քաղաքական դեմքեր, որոնք դեռ երեկ իշխանության մեջ էին, մեկ օրվա ընթացքում հայտնվում են ոչ իշխանական դաշտում, նույնիսկ իրենց դիրքավորում են ընդդիմության դաշտում: Ակնհայտ է, որ այդ փոփոխությունները լուրջ վերադասավորումներ են առաջացնում քաղաքական դաշտում»,- ասաց Վ. Հակոբյանը:
Նրա կարծիքով, այն, ինչ հիմա կատարվում է, բավականին լուրջ պայմանավորվածությունների արդյունք է, որոնք տեղի են ունեցել այն պահին, երբ նախապատրաստվում էր Կարեն Կարապետյանի մուտքը հայաստանյան քաղաքական, իշխանական դաշտ: Վիգեն Հակոբյանը նշեց, որ այն, ինչ հիմա կատարվում է, այդ թվում նաև ոչ իշխանական դաշտի որոշ հատվածում, այնուամենայնիվ, վերահսկելի է իշխանությունների կողմից: Նա չի կարծում, որ պրոցեսներն առայժմ կարող են գնալ կոշտ սցենարով:
Խոսելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին, քաղտեխնոլոգն ասաց. «Չեմ կարծում, որ հիմա նա ակտիվորեն մտնի որևէ մի քաղաքական միավորման կամ կուսակցության մեջ: Չի բացառվում քողարկված աջակցություն որևէ քաղաքական բևեռի, նաև ֆինանսական առումով: Ավելի շուտ կփորձի ընդհանուր քաղաքականության մեջ մնալ, բայց, կարծում եմ, ընդգծված որևէ քաղաքական ուժի կազմի մեջ լինել, կխուսափի: Նաև համոզված եմ, որ շատ քաղաքական ուժեր իրենք կխուսափեն, որ Հովիկ Աբրահամյանն ուղղակիորեն ասոցացվի իրենց հետ, քանի որ բավականին խոցելի է այդ գործիչը: Ինչքան էլ կարողանա կոնկրետ ռեսուրսների առումով ուժեղացել այդ թիմին, հանրային ընկալման մեջ բավականին կթուլացնի այդ բևեռին, որտեղ որ ինքը կարող է լինել»:
Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի ապագա խորհրդարանը, ինչ ուժեր ներկայացված կլինեն, Վ. Հակոբյանն ասաց, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ դեռևս բոլոր դերակատարները, մասնակիցները ի հայտ չեն եկել:
«Ամենակարևոր հարցերից մեկն է՝ թե ինչ է իրենից ներկայացնելու, օրինակ, «Ծառուկյան» դաշինքը, ովքեր են լինելու այդ դաշինքում: Մինչև այս պահը միայն խոսակցությունների, բանակցությունների մակարդակով է: Այդ դաշինքի կազմից շատ բան է կախված, նաև ինչ հարաբերություններ են լինելու Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքի հետ: Քաղաքական նպատակահարմարության առումով իշխանություններին շատ ավելի ձեռք է տալիս, որպեսզի ոչ իշխանական պառլամենտական սեգմենտում հնարավորինս տեղավորվեն բոլոր այն հանրային, քաղաքական դեմքերը, որոնք հայտնի են, ավելի պիտանի կլինեն խորհրդարանում, քան խորհրդարանից դուրս անվերահսկելի վիճակում, հրապարակներում»:
Նա նշեց, որ այսօր երևի թե կա երկու քաղաքական դեմք, որոնք գոնե դրական ռեյտինգ ունեն՝ Կարեն Կարապետյանը, ով հանդես է գալու ՀՀԿ-ի լոկոմոտիվ՝ նույնիսկ չլինելով ցուցակում, և Գագիկ Ծառուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին