Վլադիմիր Կազիմիրով. Բաքուն ձգտում է տապալել Մինսկի խմբի նախաձեռնությունները
Եթե հայկական երկու կողմերը պատրաստակամություն են հայտնում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների ուղղությամբ, ապա պաշտոնական Բաքուն ոչ միայն նման ձգտում չի ցուցաբերում, այլ նաև ձգտում է տապալել այդ նախաձեռնություններն: Այս մասին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ադրբեջանական կողմի մոտեցումներին անդրադառնալով «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում գրում է ռուս դիվանագետ, Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
«Ավելին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինի պես դիմում է ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքներին: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում անցում կատարել գործոնների իրատեսական գնահատմանը. գինը, որ սեփական ժողովուրդն ու տարածաշրջանը վճարելու են նոր ռազմական հակամարտության դեպքում»,- գրում է ռուս դիվանագետը:
Կազիմիրովի դիտարկմամբ, Ադրբեջանի ղեկավարությունն այդպես էլ դասեր չի քաղել 1991-1994թթ պատերազմի արդյունքներից: Ըստ ռուս դիվանագետի, այդ մասին է վկայում նաև ադրբեջանական կողմի անլուրջ մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթերի մեկնաբանման հարցերում:
Անդրադառնալով այն իրողությանը, որ Բաքուն փորձում է խեղաթյուրված ներկայացնել 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը և 1995թվականին կնքված այդ համաձայնագիրն ամրապնդող փաստաթուղթը՝ դրանք ներկայացնելով որպես մեկ փաստաթուղթ և որ դա արվում է արտգործնախարարության խոսնակի մակարդակով, ըստ Կազիմիրովի, ապա գործ ունենք ոչ բարձր պրոֆեսիոնալիզմի հետ:
«Ես՝ որպես այդ փաստաթղթերի հեղինակ, որևէ նման բան չեմ հիշում: Իսկ եթե ավելի անկեղծ ասեմ, ապա ոչ առաջին և ոչ էլ երկրորդ փաստաթղթին որևէ հավելված չի եղել, դրանք բոլորը հորինվածքներ են: Մնում է միայն ենթադրել, թե ինչով են դրանք պայմանավորված. ցածր պրոֆեսիոնալիզմով ու բաքվի դիվանագետի անձնական շփոթմունքով կամ էլ իրավիճակը գիտակցված խեղաթյուրելու իշխանությունների մտայնությամբ՝ դրանից ինչ-որ օգուտներ ստանալու և ընթերցողին խաբելու համար: Այս պայմաններում նաև ամենևին էլ համոզիչ չեն հնչում Հայաստանի արտգործնախարարին ուղղված այն կեղծ մեղադրանքները, որ նա խեղաթյուրում է փաստաթղթերի էությունը»,- գրում է Կազիմիրովը:
Ռուս դիվանագետը ոչ կառուցողական է համարում նաև ադրբեջանական կողմի վերաբերմունքը Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունների վերաբերյալ, օրինակ բերելով սահմանային միջադեպերը հետաքննելու առաջարկների մերժումը:
«Իլհամ Ալիևի դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հանգեցնել զուտ հայկական զորքերի դուրս բերմանը պարզամիտ է և ուղղակի անիրատեսական: Միանգամայն պարզ է, որ զորքերի դուրս բերումը կարող է տեղի ունենալ միայն ընդհանուր համատեքստում այլ հարցերի լուծմամբ, ինչպես օրինակ հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողություններ չսկսելու հուսալի ամրագրումը և Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակը»,- գրում է ռուս դիվանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին