Վարչապետ. Ես ուզում եմ, որ չինաստանյան գործարարները Հայաստանում իրենց հարմարավետ զգան
«Ես ուզում եմ, որ չինաստանյան գործարարները Հայաստանում իրենց հարմարավետ զգան: Մենք ցանկանում ենք նաև Չինաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատել»: Հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունիի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերից և անդրադարձել հեռանկարային ուղղություններով փոխգործակցության զարգացմանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար՝ միաժամանակ կարևորելով հարաբերությունների մակարդակի բարձրացումը:
Վարչապետն ասել է, որ կառավարությունը շահագրգռված է ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ և պատրաստ է օժանդակել Չինաստանի գործարարներին Հայաստանի շուկայում գործունեություն ծավալելու հարցում: Կարեն Կարապետյանն առաջարկել է ներկայացնել կոնկրետ ծրագրեր՝ նշելով, որ դրանք մանրամասն կքննարկվեն կառավարության կողմից:
ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմը ևս կարևորում է Հայաստանի հետ տնտեսական գործակցության խորացումը և նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: