Սերժ Սարգսյան. Անձամբ ես դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը
ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթում անդրադառնալով խորհրդական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու վերաբերյալ քաղաքական դաշտում առկա որոշակի տարակարծություններին՝ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ թեև կան համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է, բայց անձամբ ինքը դեմ չէ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը:
«Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձևակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ: Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: Ցանկանում էի, որպեսզի այդ օրերը դառնան ապրիլյան պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում բանակաշինության ասպարեզում կատարված հսկայական աշխատանքի, նոր լուծումների, նոր ձեռքբերումների ներկայացում մեր հանրությանը: Ցանկանում էի, որպեսզի բոլորս միասին հավաստիացնենք մեր ժողովրդին, հավաստիացնենք աշխարհին, որ մենք նույն կերպ ենք վարվելու նաև բոլոր այդպիսի դեպքերում: Իհարկե, անկախ ընտրություններից, դա հիմա էլ ենք անում:
Աձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու»,-ասել է նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. «Երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները»
- Ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը. Սերժ Սարգսյան
- ՀՀ նախագահը նախընտրական դաշինքների ձևավորումը «առողջ և ողջունելի գործընթաց» է որակել
- ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում
- «Մեր կուսակցությունը քաղաքական դաշտի օրակարգ ձևավորողն ու նշաձող սահմանողն է». Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականներին
- Մեզ համար իշխանությունը վայելք չէ, այլ պատասխանատվություն. Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ խորհրդի նիստում