Զաքար Խաչատրյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա հունվարի 27-ին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Զաքար Խաչատրյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Կառավարական հանձնաժողովից հայտնում են, որ Զաքար Խաչատրյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Նկարիչը դեռ չէր հասցրել դպրոցն ավարտել, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը: Նա մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի ավարտից հետո վերադառնալով հայրենիք 1946-ին ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան և ավարտում 1948 թվականին: Շնորհաշատ երիտասարդն արդեն 1950 թվականին Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի ուսանող էր, որը գերազանցությամբ ավարտել է 1956 թվականին: 1959-1962 թթ. աշխատել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Ալեքսանդր Գերասիմովի արվեստանոցում: 1962 թվականին վերադառնալով հայրենիք՝ նա ակտիվ մասնակցություն է ունեցել հանրապետության մշակութային-հասարակական կյանքին, մասնակցել է հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ ունեցել Պետերբուրգում, Ժնևում, Մոսկվայում, Երևանում, Էջմիածնում, արժանացել` մրցանակների ու դիպլոմների:
Նրա պրոֆեսիոնալ բարձր մակարդակով կատարված սքանչելի կտավները աչքի են ընկնում գաղափարական նպատակաուղղվածությամբ, որոնք արտացոլում են մեր կյանքն ու իրականությունը ժամանակի մեջ:
1970-1992 թվականներին, այնուհետև` 2012-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981-1994 թթ. ղեկավարել է գծանկարի ամբիոնը՝ իր ողջ գիտելիքներն ու հմտությունները հաղորդելով ապագա մանկավարժների երիտասարդ սերնդին:
Զաքար Խաչատրյանը՝ Սիսիան քաղաքի պատվավոր քաղաքացի էր, Սանկտ-Պետերբուրգի վետերանների խորհրդի նախագահը: