Ոստիկանության պաշտոնյան հերքում է ընտրությունների համար Մասիսից բնակիչներին Երևան տեղափոխելու մասին լուրերը
Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հերքում է լրատվական կայքերից մեկում տարածված տեղեկությունը, թե իբր Մասիսի գյուղերից մարդիկ են տեղափոխում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի անձնագրային բաժին, ենթադրաբար կրկնակի քվեարկության միտումով:
Բիչախչյանը տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ:
«Հաշվի առնելով այն, որ ընտրողների ռեգիստրը ձևավորում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա, և այն, որ անձը բնակչության պետական ռեգիստրում կարող է հաշվառվել միայն մեկ հասցեով, ուղղակիորեն բացառվում է, որպեսզի ընտրողի տվյալը առկա լինի մեկ այլ ցուցակում:
Ավելին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ընտրողների նախնական և վերջնական ցուցակները փակցվում են ընտրական տեղամասերում:
Հանրային վերահսկությունը բարձրացնելու նպատակով դրանք՝ լրացուցիչ ցուցակների հետ միասին ըստ տեղամասերի ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվում են ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում:
Ընտրողների ռեգիստրը որոնման հնարավորությամբ հասանելի է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Արդեն մի քանի ընտրական գործընթացի շրջանակում ոստիկանության կողմից առանձին հրապարակվել է այն անձանց ցուցակը, որոնց բոլոր անհատական տվյալները նույնն են (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ), սակայն դրանք տարբեր մարդիկ են:
Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է նշել, որ նախնական ցուցակները հրապարակվելուց հետո ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրվելու դիմում ներկայացնելու դեպքում անձի տվյալները հանվում են հիմնական ցուցակից և ներառվում լրացուցիչ ցուցակ: Այդ գործընթացը նույնպես վերահսկելի է, քանի որ բոլոր ցուցակները հնարավոր է կայքից ներբեռնել և ծրագրային եղանակով համեմատել:
Կոչ ենք անում ենթադրություններ անելու փոխարեն սպասել ընտրողների նախնական ցուցակների հրապարակմանը», -նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան