Սուրեն Կարայանն իրատեսական է համարում Ռուսաստանից 300 մլն դոլարի ներդրումների ներգրավումը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու վարչապետի հանձնարարականին՝ նշեց, որ ըստ նախնական պայմանավորվածությունների՝ ֆոնդի հիմնական նպատակն է լինելու, որպեսզի ֆինանսավորվի և ներդրումներ արվեն այն ոլորտներում, որոնք կբերեն երկու երկրների միջև ապրանքաշրջանառության բարձրացմանը, ներմուծման փոխարինմանը, արդյունաբերության կոոպերացիայի զարգացմանը, այդ թվում նաև` արտահանման աճին:
Հարցին, թե երբ կստեղծվի հիմնադրամը, նախարարն ասաց, որ դա կախված է աշխատանքներից. «Իմ կարծիքով` առաջիկա ամիսների ընթացքում արդեն կստեղծվի»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ է որոշվել Ռուսաստանի հետ համատեղ հիմնադրամ ստեղծել, և արդյոք այլ երկրների հետ աշխատանք տարվում է, Սուրեն Կարայանը նշեց, որ մի շարք երկրների հետ նման աշխատանք իրականացվում է: «Վարչապետի այցը ՌԴ պաշտոնական էր, և մենք օգտվելով այդ հանգամանքից՝ այցի շրջանակում նաև նման քննարկումներ արեցինք: Դա չի նշանակում, որ հնարավոր չենք համարում այլ երկրներից ներդրումների ներգրավումը: Ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում բոլոր երկրների, այդ թվում՝ ԵՄ երկրների ու Իրանի հետ»,- ասաց ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է նեդրումներին, Սուրեն Կարայանն իրատեսական է համարում Ռուսաստանից 300 մլն դոլարի ներդրումների ներգրավումը: «Այո, դա իրատեսական է, առնվազն այդքան ներդրում լինելու է: Հիմնականում հետաքրքրվածություն կա վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի, վերամշակման, հանքարդյունաբերության ոլորտներում»,- ընդգծեց նա:
Միաժամանակ, նա նշեց, որ առաջիկա ընտրական գործընթացը ևս որոշակի խոչընդոտ է հանդիսանում ներդրումների ավելացման համար:
«Ցանկացած նման գործընթաց մի քիչ զսպող է, սակայն այն աշխատանքները, որ մենք իրականացնում ենք, և Հայաստանում էլ այն կազմակերպությունները, որոնց հետ վերջին ժամանակաշրջանում աշխատանքներ ենք իրականացնում, դրանք ևս շահագրգռված են ներդրումներ իրականացնել և արդեն սկսել են: Միայն այն կազմակերպությունների մասով, որոնց հետ մենք աշխատել ենք, մոտ 500 մլն դոլարի ներդրումներ արդեն իսկ ակնկալում ենք»,- նշեց Սուրեն Կարայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին