Լարսին այլընտրանք է Հարավային Օսիայի տարբերակը. Արսեն Ղազարյան
Կառավարության օրակարգում մշտապես կա Եվրասիական տնտեսական միության երկրների հետ կապող միակ ճանապարհին այլընտրանք գտնելու, կամ ճանապարհի տեխնիկական թողունակությունը զարգացնելու, սահմանային կետերի հերթերի կուտակման խնդիրները լուծելու հարցը: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել Վերին Լարսի ավտոճանապարհին այլընտրանքային երթուղիների հարցը և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
Արսեն Ղազարյանի կարծիքով, այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսիայի տարբերակը, ինչպես նաև Վրաստանի կառավարության կողմից հաստատված ծրագիրը՝ թունելներ և նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ:
«Շատ կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը և Հայաստանը մշտապես քննարկում են հարցը, քանի որ գնալով ապրանքաշրջանառությունն աճում է, թողունակության խնդիրը կրկին օրհասական է դառնում», - ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ասում էր, որ քննարկվում է Վրաստան-Հարավային Օսիա- Ռուսաստան ճանապարհի հարցը և հնարավո՞ր է, որ վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում քննարկվել է այդ հարցը, Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Միգուցե, պատկան մարմիններին հարցրեք»:
Ըստ նրա՝ Վրաստանն այլ ուղիներ չի կարող առաջարկել, քանի որ կա աշխարհագրական դիրք. «Մենք ունենք երեք ճանապարհ՝ Աբխազիա, Լարս, Հարավային Օսիա: Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով օգտվում ենք մեկից»:
Նա նաև նշեց, որ կառուցվող Հյուսիս-Հարավ ճանապարհը կնպաստի և բեռների փոխադրմանը, և տարածաշրջանում Հայաստանի՝ խաչմերուկային դերի վերականգնման մի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին