«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց». Ֆիլմ՝ հերոսների մասին
«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմն ապրիլյան պատերազմի մասին չէ, այլ հերոսների: «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի՝ լրագրողների համար ցուցադրությունից հետո ասաց ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը:
«Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը շարունակեց. «Ինչպես «Կյանք ու կռիվ»-ը ղարաբաղյան պատերազմի մասին չէր, այլ մարդկանց մասին, ովքեր ապրում էին այդ դարաշրջանում, այն երիտասարդների, ովքեր պետք է իրենց կյանքը դասավորեին, բայց քանի որ այդպիսի դեպքեր եղան, կյանքը փոխվեց և ուրիշ տեսք ստացավ»:
Նա նաև պատմեց, թե ինչպես է որոշվել նկարահանել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը. «Երբ նկարահանում էինք առաջին ֆիլմը, ապրիլի 2-ին պետք է գնայինք Շուշի՝ նկարահանումների: Խումբը պատրաստ էր մեկնելու, սակայն պարզվեց, որ պատերազմ է սկսվել: Չգնացինք և մի քանի օր հետ ընկան նկարահանումները: Այդ ժամանակ Մհեր Մկրտչյանն առաջարկեց և բոլորս հասկացանք, որ պետք է նկարել ֆիլմի շարունակություն և ոչ թե ապրիլյան պատերազմի մասին, այլ որ 25 տարի է անցել, և մենք նորից պատերազմի մեջ ենք, կան երիտասարդներ, ովքեր ուզում են իրենց կյանքը ինչ-որ ձև դասավորել, բայց իրենց կյանքը գնում է լրիվ այլ ուղղով, որովհետև ունենք գերխնդիր՝ պատերազմի մեջ ենք: Ֆիլմը մեր այսօրվա մասին է, ապրիլյան պատերազմը մեր կյանքի մի կտորն է, որ տեղի է ունեցել»:
Կ.Ղազարյանն ասաց, որ ֆիլմը նկարահանվել է հայ հանդիսատեսի համար, սակայն հնարավորություն ունի համապատասխան ժանրի ֆիլմերի հետ մասնակցել փառատոների և մրցել. «Ամեն ինչ կանենք, որ ներկայացվի փառատոներում»:
Խոսելով ֆիլմում նկարահանված ռազմական տեսարանների մասին, Մհեր Մկրտչյանն ասաց, որ դերասանները պատրաստված էին այդ տեսարանների համար:
«Նման տեսարանների նկարահանումների ժամանակ ռեժիսորի կողքին միշտ լինում է խորհրդատու, ով ամեն ինչ հուշում է, թույլ չի տալիս կեղծել»,- ասաց ռեժիսորը:
Մ. Մկրտչյանը նաև հավելեց. «Այն կասկան, որը նկարահանված է ֆիլմում, իրական կասկա է իրական սպեցնազի զինվորի, հագցրած է իրական սպեցնազի հերոսի գլխին: Ես ուղղակի դեմքը ցույց չտվեցի: Կասկան, իր կրակոցի տեղով, իրական է, կեղծիք չկա»:
Ֆիլմի ռեժիսորը, լսելով լրագրողի հարցը, թե ֆիլմում բարձր նկարագիր ունեցող օլիգարխի տղան ծառայում է բանակում և այն էլ, ինչպես ասվում է կինոյում, «դժոխքում», արդյո՞ք հակասություն չի առաջանում այսօրվա իրականության հետ, հարցով պատասխանեց. «Իսկ դուք կուզենա՞ք, որ գոնե մի այդպիսի օլիգարխ ունենանք»:
Կարեն Ղազարյանը շարունակեց. «Հակասություն չեմ տեսնում, որովհետև անձամբ գիտեմ նմանատիպ դեպքեր, մարդկանց, ում տղաները ծառայում են սահմանում: Բացի այդ՝ մենք ավելի շատ խոսում ենք մեր վաղվա օրվա մասին, քանի որ եթե ուզում ենք մեր կյանքում որևէ բան փոխել, պետք է որևէ բան տեսնելուց հետևություն անել և փորձել ճիշտ ապրել մեր կյանքում»:
Նշենք, որ «Զանգակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստում ֆիլմի սցենարի վրա հիմնված «Կյանք ու կռիվ» վեպը: Վեպի հեղինակը հայտնի արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն է: «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական գրականության ծրագրերի համակարգող, գրականագետ Հայկ Համբարձումյանն ասաց, որ Մհեր Մկրտչյանի սցենարի հիման վրա գրված վեպը կարող է նաև համարվել ինքնուրույն գեղարվեստական ստեղծագործություն:
«Հիմնական գաղափարները, մեսիջները պահպանված են: Անպայման քննարկվելու է ֆիլմի սցենարի հեղինակի հետ: Գրքի հեղինակն ամբողջացրել է հասարակական, քաղաքական ֆոնը, քանի որ բացի արցախյան պատերազմից, հերոսների միջանձնային հարաբերություններից, կարևոր է ժամանակաշրջանը՝ Խորհրդային միության փլուզման սպասումներ, հանրահավաքներ: Բոլոր գաղափարներն առանձին տեսարաններով ներկայացված են լինելու վեպում: Ինչպես ֆիլմն, այնպես էլ վեպը զոհաբերության մասին է: Կայացման վեպ է՝ ոչ միայն հերոսների կայացում է, նաև մեր երկրի կայացում»,- նշեց Հ.Համբարձումյանը: Նա տեղեկացրեց, որ վեպի առաջին մասը պատրաստ է, արդեն հեղինակն աշխատում է երկրորդ մասին վրա: Վեպը լույս կտեսնի մայիսի սկզբին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում