
ԵՄ պատվիրակությունը կարևորում է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը. Սվիտալսկի
Կարևոր է արդյունավետ համագործակցությունը ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք համապետական ընտրություններին նախորդող ընտրական գործընթացների ընթացքում հնարավոր իրավախախտումները կանխելու, իրավական առումով ընտրության մասնակիցների իրազեկվածությունն ապահովելու ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման հարցում,-այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպման ժամանակ։
Դատաղազության պաշտոնական կայքից տեղեկանում ենք՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ԵՄ պատվիրակությունը կարևորում է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:
Դեսպան Սվիտալսկին պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատանքների միջոցով օժանդակել նախընտրական գործընթացներում հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի հետ համագործակցությունը շարունակել աշխատանքային ընթացակարգով: