Կառավարությունում ներկայացվել են Արագածոտնի և Տավուշի մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են Արագածոտնի և Տավուշի մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Արագածոտնի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին ջերմոցային և անասնապահական տնտեսությունների ստեղծմանը, գյուղմթերքի վերամշակմանը, գյուղտեխնիկայի վերանորոգման բազայի, զբոսաշրջության խթանման ենթակառուցվածքների ձևավորմանը և այլն:
Տավուշի մարզից ներկայացվել էին տնկարանային տնտեսության ստեղծման, գինեգործական, բուսայուղերի արտադրության կազմակերպման, գյուղմթերքի վերամշակման, ենթակառուցվածքների զարգացման, դեղաբույսերի հավաքման, չորացման և իրացման աշխատանքներով զբաղվող կոոպերատիվի հիմնման վերաբերյալ ծրագրեր:
Վարչապետը նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզերի գործարարների հետ, որպեսզի կառավարությունում քննարկման ներկայացվեն բոլոր համապատասխան կառույցների կողմից նախապես գնահատված և տնտեսապես հաշվարկված ծրագրեր:
«Գործարարներից ստացվող բիզնես ծրագրերը պետք է մաքսիմալ արագ ուսումնասիրել և արձագանքել: Ծրագրերը պետք է լինեն իրատեսական, հասցեական և կոնկրետ՝ տնտեսական արդյունքների, եկամտաբերության և ռիսկերի գնահատմամբ», - ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուսումնասիրել հավանության արժանացած ծրագրերը և ընթացք տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան