Պաշտոնական. Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց «Տորպեդո Բելազ»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Փյունիկի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարիերան կշարունակի «Տորպեդո Բելազում»: Այս մասին տեղեկացնում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:
«Արագ, տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստ է, ինչը բնորոշ է հարավին: Այն, որ նա ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, կարևոր պահ է: 24 տարեկանում ընտրանու կազմում 17 պաշտոնական խաղի մասնակցելն իսկապես լավ ցուցանիշ է: Կամոն կարող է խաղալ բոլոր եզրերում, բայց մենք ցանկանում ենք նրան որպես եզրային կիսապաշտպան օգտագործել, քանի որ մտադիր ենք ամրապնդել այդ դիրքը:
Հովհաննիսյանի նման որակյալ ֆուտբոլիստը մեզ կօգնի մեր առջև դրված խնդիրները լուծելու հարցում, ուստի ես գոհ եմ այս ձեռքբերումից»,- ասել է «Տորպեդո Բելազի» գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն: