Նախարարն ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչին
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին: Նախարարը շնորհավորել է Արմեն Մկրտչյանին և մաղթել աշխատանքային հաջողություններ:
«Տարիների Ձեր մասնագիտական և աշխատանքային փորձը փոխանցելով մեր ազատ ոճայիններին և մեր համատեղ աշխատանքով, վստահ եմ, որ հասնելու ենք մարզական լավ արդյունքների: Հուսով եմ, որ Ձեր ղեկավարությամբ մեր ազատ ոճայինները կնվաճեն նաև Oլիմպիական մեդալներ:
Շնորհակալություն եմ հայտնում Արայիկ Բաղդադյանին՝ նրա ղեկավարությամբ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիրներ ունենալու համար»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Արմեն Մկրտչյանը 1996 թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 1995 թ. աշխարհի երրորդ մրցանակակիր, 1994 թ. Եվրոպայի չեմպիոն: