«Ռեալը» հրաժեշտ տվեց Իսպանիայի գավաթին
Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալն» ուժերը չափեց «Սելտայի» հետ, որին սեփական հարկի տակ կայացած առաջին խաղում պարտվել էր 1:2 հաշվով:
Կադրային լուրջ խնդիրներ ունեցող «Արքայական ակումբի» կազմում վնասվածքների պատճառով բացակայում էին մի շարք առաջատար ֆուտբոլիստներ: Ու թեև Զինեդին Զիդանի սաները խաղն ավարտեցին ոչ-ոքի` 2:2 հաշվով, բայց 2 խաղերի արդյունքներով լքեցին պայքարը:
Առաջին խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ ինքնագոլի հեղինակ դարձավ Դանիլոն` առաջ մղելով «Սելտային»: Երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին «Ռեալը» հավասարեցրեց հաշիվը` Քրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ: 85-րդ րոպեին Դանիել Վասը կրկին առաջ մղեց դաշտի տերերին, իսկ հանդիպման վերջին րոպեին փոխարինման մտած Լուկաս Վասկեսը հաշիվը դարձրեց 2:2: Ավելին անել «Ռեալի» ֆուտբոլիստներին չհաջողվեց: «Սելտան» կիսաեզրափակչում է: